Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի աննախադեպ տարածումը կաթվածահար է անում առողջապահական համակարգը


Կորոնավիրուսը շարունակում է աննախադեպ թափով տարածվել Հայաստանում և արդեն կաթվածահար է արել առողջապահական համակարգը, ահազանգում են մասնագետները։ Վերջին մեկ օրում գրանցվել է 2474 նոր դեպք։ Դրական է եղել իրականացված 5760 հետազոտությունների 43 տոկոսը, մահացել է 14 մարդ։

Առողջապահական համակարգի հնարավորությունները երկու ճակատով են օգտագործվում՝ ռազմաճակատում վիրավորված զինվորներին բուժօգնություն տրամադրելով, ինչպես նաև քովիդով հիվանդներին սպասարկելով։ Այս պայմաններում արդեն իսկ մահճակալային ֆոնդը չի բավարարում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար, ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը. - «Մեր ռեսուրսներն արդեն բավականին կաթվածահար վիճակում են, անընդհատ փոփոխում ենք, անընդհատ ավելացնում ենք, բայց այդ ամեն ինչն ավելացնում ենք, սարքավորումները չենք կարող ավելացնել, որովհետև հատուկ պայմաններ են պետք դրան տեղադրելու համար: Նույնիսկ եթե 2 օրվա մեջ մի փոքր իրավիճակը հիվանդի դեպի լավն է գնում, արդեն դուրս է գրվում նա, և նրա փոխարեն մեկ այլ` ավելի ծանր հիվանդ է գալիս, այսինքն` մենք արագացված տեմպերով ենք, դա չի նշանակում, որ ինքը լրիվ ապաքինվել է, առողջացել է, բայց մենք պետք է հնարավորություն ստեղծենք նաև ավելի ծանր հիվանդներին առաջին օգնությունը ցույց տալու համար»:

Սահակյանի խոսքով՝ յուրաքանչյուր օր, նախօրդ օրվա համեմատ, առնվազն մինչև 500 նոր դեպքի ավելացում է սպասվում, իսկ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հնարավոր է, որ այսօրվա դեպքերի կրկնապատիկը լինի. - «Բավականին մեծ թվեր են արդեն գրանցվում, և այդ թվերից յուրաքանչյուրն իր հերթին բազմաթիվ նոր դեպքեր է բերում։ Վիրուսի տարածումն արդեն անկառավարելի է, կարելի է ասել»։
Ասում է՝ երկրորդ ալիքի ընթացքում այսպիսի ծայրահեղ բարձր ցուցանիշներ չէին կանխատեսում։

Հիվանդության տարածման պատճառներից են օրինակ՝ ակտիվ տեղաշարժերը, շփումները, մարդկանց կուտակումները, լեփ-լեցուն հանրային տրոնսպորտը, հակահամաճարակային կանոնները չպահպանելը. - «Սոցիալական հեռավորություն գրեթե չի պահպանվում, դիմակներ մասսայական, տեսնում եք, մարդիկ չեն կրում, այսքան կոչ ենք անում, զգայուն թելերին ենք կպչում, այսինքն` մենք այսօր խոսում ենք` մեր բանակը, մեր առաջնագիծը, մեր վարաքգծով ստիպում ենք, որ վիրուսը գնա առաջնագիծ: Այ սա նույնիսկ այսպիսի պայմաններում չեն կարողանում: Տեսնում եք` նորից կան առանց դիմակի, նորից կան էլի լուրջ չընդունող մարդիկ, և չգիտեմ` այս պահի դրությամբ միակ լուծումն իսկապես մարդկանց ինքնագիտակցության բարձրացումն է: Մարդիկ պետք է հասկանան վերջապես, որ մենք սրանով խոցում ենք ինքներս մեզ, մենք մեր վարքագծով խոցում ենք մեզ բանակին, մեր զինվորին, որն առաջնագծում պայքարում է յուրաքանչյուրիս համար: Այսինքն` զինվորն իր գործն անում է, մենք էլ մեր գործը պետք է անենք: Մենք էլ պետք է ապահովենք առողջ թիկունք, մենք էլ պետք է ապահովենք, որ զինվորն առանց լրացուցիչ առողջական խնդիրների կարողանա պայքարել»:

Այժմ Հայաստանում կորոնավիրուսից բուժվում է 21 հազար 560 մարդ։ Նախօրեին կորոնավիրուսով վարակված ևս 2 անձ մահացել է այլ պատճառներով։

XS
SM
MD
LG