Ըստ քաղաքագետների՝ Ադրբեջանը խախտում է հրադադարը, քանի որ համարում է, թե առաջընթացի հնարավորություն ունի

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը (Կ) հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպմանը։ Մոսկվա, 9-ը հոկտեմբերի, 2020

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը հանդիպելու է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, հանդիպման նպատակը հրադադար հաստատելու հարցն է։

Միացյալ Նահանգներ է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն այս հանդիպումից ակնկալիք չունի․ - «Դժվար է ակնակել, որ լուրջ արդյունք ենք ունենալու, որովհետև խաղաղության համար երկու կողմ է պետք, պատերազմի համար մի կողմը բավական է»։

Քաղաքագետի համոզմամբ՝ եթե Միացյալ Նահանգներում էլ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվի, միևնույն է այն արժանանալու է նախորդների ճակատագրին։ Պատերազմի 26 օրվա ընթացքում Մինսկի խմբի համաախագահող երկրներից՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ հրադադարի երկու պայմանավորվածություն եղավ, բայց կրակը չդադարեց։

«Գուցե պետք է բավական թվով հանդիպումներ լինեն, որոշակի ճշգրտումներ, կամ դրսի կողմից ազդեցությունը երևա, բայց դեռ այս պահի դրությամբ դրսի կողմից մենք տեսնում ենք մտահոգություններ, բայց ոչ թե ինչ-որ պարզ գործողություններ», - նշեց Միքայելյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը համարում է, որ ռազմի դաշտում դեռ իր խնդիրը չի լուծել ու առաջընթացի հնարավարություն ունի։

90-ականների պատերազմում էլ հրադադարը մեկ երկու հանդիպմամբ չհաստատվեց, հիշեցնում է քաղաքագետը։ - «Մենք կարող ենք օգտվել մեր փորձից 92-94 թվականների պատերազմի, որովհետև իրականում նմանությունները շատ-շատ են։ Իմ գնահատմամբ, տարբերությունը այն պատերազմի հետ միայն ինտենսիության մեջ է և զենքի նոր տեսակների։ Իսկ այլ հատվածներում համարյա թե նույնն է ամեն ինչ։ Այնտեղ էլ շատ հաճախ խախտվում էր հրադադարը, որովհետև Ադրբեջանը համարում է, որ իր խնդիրները դեռ չի կատարել, և որ ունի հնարավորություն առաջընթացի»։

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների այցը Միացյալ Նահանգներ կարող ենք համարել քաղաքավարությունից դրդված, ասում է քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը։ Նրա կարծիքով, հրադադար հաստատելու Ֆրանսիայի և Ռուսաստանի փորձերից հետո ԱՄՆ-ի քայլը տրամաբանակն էր, բայց հրադադարի ակնկալիք ո՛չ միջնորդներն ունեն, ո՛չ էլ կողմերը․ - «Միացյալ Նահանգները ըստ էության շարունակում են արդեն ավարդույթ դարձած փորձը միջնորդական։ Միացյալ Նահանգների փորձը պետք է դիտել հենց էս կոնտեքստում ընդամենը։ Այսինքն՝ առնվազն միջնորդներից երկուսը իրենց քայլը կատարել են, և հիմա Միացյալ Նահանգներն է նույն բանը կատարում։ Ոչինչ առավել։ Ես կարծում եմ, որ երեք կողմերից ոչ մեկն էլ չի ակնկալում, որ Վաշինգտոնում որևէ փոփոխություն է լինելու»։

Նժդեհ Հովսեփյանի խոսքով՝ ռազմաճակատում իրավիճակը, կողմերի հռետորաբանությունն ու հանդիպման ձևաչափը ուրվագծում են հանդիպման արդյունքը։ Սա ընդամենը ԱՄՆ-ի միջնորդական առաքելությունն է և քայլ Նահանգներում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ․ - «Ուշադրություն դարձրեք, որ խոսակցություն է գնում ոչ թե Փոմփեոյի մասնակցությամբ երկու նախարարների հանդիպման, այլ ԱՄՆ պետքարտուղարի կողմից առանձին-առանձին հանդիպումների մասին։ Եթե մենք նույնիսկ մեկ սենյակում չենք կարողանում երկու նախարարների հետ հանդիպում կազմակերպել, պարզ է, որ արդյունքի մասին նույնիսկ կարելի է մոռանալ»։

Այս փուլում դիվանագիտական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը բացառել է վարչապետ Փաշինյանը՝ երեկվա իր տեսաուղերձում հայտարարելով․ - «Ադրբեջանը համաձայն է միայն Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային: Այն, ինչի հետ մենք բանակցությունների, ամենատարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ, և սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում»։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով, Ադրբեջանը խոսում է վերջնագրի լեզվով, և այս փուլում իսկապես դժվար է հարցի լուծումը քննարկել դիվանագիտական հարթակում․ - «Շատ դժվար է այն եզրերը գտնել, որի շուրջ կարելի է բանակցել։ Այսինքն՝ Ադբեջանը հայտարարում է, որ ամեն ինչն է ուզում։ Սա արդեն դիվանագիտություն չէ, սա արդեն ուլտիմատում է; Եվ ստիպված Հայաստանը և Արցախը մնում են այս պատերազմի ծուղակում։

«Երբ որ հայտարարում է, որ դիվանագիտական լուծում չկա, դա ինքնին ցույց է տալիս, որ Ադրբեջանը գտնվում է բացարձակ ռադիկալ դիրքորոշման մեջ էս հարցում, և ըստ էության, խնդիրը տեղափոխվել է ռազմաճակատ», - նրեծ Նժդեհ Հովսեփյանը։

«Կովկաս» ինսիտուտի փորձագետի կարծիքով, Հայաստանը դիվանագիտական ջանքեր պետք է գործադրի նախ Ռուսաստանի ուղղությամբ։ Պատերազմական իրավիճակում ի նպաստ Հայաստանի մեծ փոփոխություն կարող է բերել ռազմավարական դաշնակիցը։