Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպես ներկայացվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ` ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների:
Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։
Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Զոհրաբ Մնացականյանը փաստել է, որ ձեռք բերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։
Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովն այսօր առանձին հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ: