Մատչելիության հղումներ

Մոսկվան հույս է հայտնում, որ Երևանն ու Բաքուն առաջիկայում կհամաձայնեցնեն Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ առաջիկայում արդեն Երևանն ու Բաքուն կհամաձայնեցնեն Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնաարարը՝ հավելելով, որ Մոսկվան շփումների մեջ է այս հարցով Երևանի և Բաքվի հետ ռազմական գերատեսչությունների գծով։

Թե հատկապես ինչ մեխանիզմների մասին է խոսքը, Սերգեյ Լավրովն այսօր չի ասել, սակայն ավելի վաղ նա շեշտել էր, թե լավագույնս այդ խնդիրը կարող են լուծել ռազմական դիտորդները՝ ընդգծելով, որ լավ կլինի, եթե դրանք լինեն ռուսաստանցի զինվորականները։

Թե՛ ռազմական դիտորդների, թե՛ խաղաղապահների մասին բոլոր հարցերին Բաքուն պատասխանում է, որ վաղ է այդ մասին խոսելը։

Լավովն այսօր խոստովանել է, որ Մոսկվայի նախաձեռնած հումանիտար հրադադարը երկու անգամ տապալվել է՝ ընդգծելով, որ հրադադարը ապահովելու համար անհաժեշտ են դրա վերահսկման մեխանզիմներ․ - «Այժմ ամենակարևորը, որը թերևս մեծ ջանքեր չի պահանջում, ռազմական հռետորաբանության դադարեցումն է ոչ միայն կողմերի միջև, այլև միջազգային դերակատարների։ Երկրորդ, ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, հարվածները քաղաքացիական բնակավայրերի վրա, ինչը արտացոլված է և՛ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ, և՛ մոսկովյան փաստաթղթում, որը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարը համաձայնեցրել էին մեր աջակցությամբ հոկտեմբերի 10-ին, և՛ երեկ համաձայնեցված փաստաթղթում»։

Ռուսաստանի արտգործնախարարն այսօր միաժամանակ ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև էականորեն արագացնել ջանքերը խնդրի քաղաքական կարգավորման շուրջ։ Կարգավորման դետալները այսօր Լավրովը չի մանրամասնել, սակայն ընդգծել է․ - «Կան մանրամասն, համապարփակ նախագծեր, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները պատրաստել, քննարկել են կողմերի հետ։ Այդ փաստաթղթերը, կարծում եմ, ներառում են բոլոր հարցերի պատասխանները»։

Ավելի վաղ, հիշեցնեմ, Լավրովը հայտարարել էր, որ սեղանին եղել և մնում են խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց համաձայն «Ղարաբաղի շուրջ շրջանները պետք է փուլային, քայլ առ քայլ ազատվեն՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ, մինչև վերջնական կարգավիճակը որոշելը և Հայաստանի ու Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովումը»։

Երևանն ու Բաքուն, Լավրովի խոսքով, պետք է հնարավորինս շուտ համաձայնեցնեն առանցքային դրույթները, ինչը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքով կայունացնել իրավիճակը, բացել հեռահաղորդակցության ուղիները, տնտեսական, տրանսպորտային կապերը և ապահովել թե՛ Ղարաբաղի հուսալի անվտանգությունը, թե՛ այլ տարածքների անվտանգությունը։

Ռուսաստանի արտործնախարարը վերջին շրջանում անընդհատ տարանջատում է Լեռնային Ղարաբաղն ու մյուս շրջանները, ինչպես նաև պարբերաբար խոսում է Ղարաբաղի բնակչության անվտանգության և վերջնական կարգավիճակի մասին։

Ղարաբաղի թեման այսօր էլ մնում է Ռուսաստանի քաղաքական օրակարգում, դրա շուրջ քննարկումներն անցնում են տարբեր քաղաքական և հասարակական հարթակնում։ Փորձագիտական շրջանակներում հիմնական շեշտադրումն այս օրերին երկու կետի վրա է․ առաջինը՝ Ռուսաստանը օգնում է Հայաստանին, սակայն միշտ չէ, որ դա անում է հրապարակավ, և երկրորդ շետադրումը՝ Ռուսաստանին անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել տարածաշրջանը ահաբեկիչներից ազատելու համար։

Դաշնային լրատվական հիմնական հեռուստածրագրերում Մոկսվան շարունակում է պահապանել չեզոք, կամ ավելի ճիշտ կլինի ասել չեզոք միջնորդի դիրքորոշում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG