Ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել ԼՂ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում, արձանագրում է Փաշինյանը

Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, բայց փոխզիջում նշանակում է զիջում երկու կողմից, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ որևէ զիջման պատրաստ չի եղել, և սա է պատճառը, որ իրավիճակը զարգանում է այս տրամաբանությամբ և այս հունով: Եվ կարծում եմ՝ հիմա առավել ևս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաև այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները, այդ թվում՝ Ադրբեջանում: Իսկ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականությունը շարունակելու խնդիր, իսկ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք ծավալվելու, էքսպանսիոնիստական քաղաքականություն վարելու համար: Այնպես որ, ես կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ իրավիճակը, ըստ էության, արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տրամաբանությունից և ընթանում է շատ ավելի լայն տրամաբանությամբ: Եվ Թուրքիայի այն քաղաքականությունը, որ հիմա վարում է Հարավային Կովկասում, պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններում», - նշել է Հայաստանի վարչապետը:

«Հայերը, բացի Լեռնային Ղարաբաղից, վերահսկում են նաեւ յոթ շրջան: Դա նման է բուֆերային գոտու: Պատրա՞ստ եք հանձնել այս 7 շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի հարցով քաղաքական կարգավորում ստանալու համար», հարցրել է լրագրողը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. - «Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, և շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումների պոտենցիալը քննարկվի հենց Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է ընդհանրապես տարածքային հարցին, ես ուզում եմ արձանագրել, որ հայկական կողմերը պատրաստ են եղել փոխզիջման, և 2011թ. կազանյան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդպիսի փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանն է հրաժարվել այդպիսի փաստաթղթի ստորագրումից, մի պարզ պատճառով, որ այնտեղ որոշակի ընթացակարգ է նախատեսված եղել, որի միջոցով Լեռնային Ղարաբաղը կարող է իրականացնել ինքնորոշման, այսինքն` սեփական կարգավիճակը ճշգրտելու իրավունքը:

Մենք պետք է այս իրավիճակը շատ ճիշտ հասկանանք, խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը և այն ազատել հայկական բնակչությունից: Մենք այսպիսի իրավիճակի հետ գործ ունենք: Եվ հայկական կողմը կրկին ասեմ, որ պատրաստ է եղել ձեր նշած փոխզիջումների 2011 թվականին, բայց 2011-ին Ադրբեջանը հրաժարվել է այդ լուծումից, որովհետև նա հետևողականորեն գնացել է ռազմական լուծման, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը պետք է հայաթափվի»:

RTS – Պարոն վարչապետ, ի՞նչ եք ակնկալում Շվեյցարիայից: Եվ հիասթափվա՞ծ եք արդյոք արևմտյան որոշ երկրներից:

Նիկոլ Փաշինյան – Խնդիրն այն է, որ հիմա Լեռնային Ղարաբաղը գտնվում է հումանիտար աղետի շեմին և հումանիտար աղետի վիճակում: Ես Ձեզ միայն մի իրավիճակ ներկայացնեմ, որ այս վերջերս, երբ կանխարգելիչ և զսպող հարված էր հասցվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական Գյանջա քաղաքին, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին օտարերկրացի դեսպանների այց այդ տարածաշրջան, որպեսզի ցույց տան, թե ինչ է տեղի ունենում: Բայց ես ուզում եմ ասել, որ մինչև այժմ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ, չի այցելել Ղարաբաղի մյուս քաղաքներ՝ տեսնելու համար այն հսկայական ավերվածությունները, որոնք շարունակական, երկշաբաթյա և ավելի՝ մինչև օրս 19-օրյա հրետակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում պատճառվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ուղղակի մարդկանց բնակարանները և շենքերն ավերվում են: Ընդամենը մի քանի օտարերկրացի, սահմանափակ թվով օտարերկրացի լրագրողներ են, որ այդ ամենն արձանագրել են:

Իսկ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել՝ տեղում տեսնելու, թե ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է՝ ինչ ակնկալիք ունենք Շվեյցարիայից, վերջերս շվեյցարական Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդը շատ խորհրդարանական մի բանաձև ընդունեց, որտեղ արձանագրեց, որ անջատում հանուն փրկության գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում: Այսինքն, Լեռնային Ղարաբաղն այդ գաղափարով, դա հայտնի միջազգային տերմին է, որը կոչվում է անջատում հանուն փրկության, երբ որոշակի տարածաշրջաններ, ժողովուրդներ անկախություն են ստանում այն բանի հաշվառմամբ, որ նրանք որևէ այլ երկրի կամ նրանց նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չեն կարող գոյատևել: Եվ ես ակնկալում եմ Շվեյցարիայից և Շվեյցարիայի մարմիններից, որ նրանք առաջինը հստակ արձանագրեն, որ Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկաններ և ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, նաև սեփական զորքերից է տեղափոխել Ադրբեջան, և Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, այսինքն հումանիտար ճգնաժամի շեմին: Սա մի իրավիճակ է, երբ միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում անկախության ճանաչում հանուն փրկության սկզբունքը, որովհետև հակառակ պարագայում Լեռնային Ղարաբաղի հայությունը կենթարկվի ցեղասպանության: Եվ սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նշանակում է, որ այնտեղ ոչ մի հայ չի բնակվելու, ի հեճուկս այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը:

RTS – Դուք կոլեկտիվ անվտանգության պայմանագրով կապված եք Ռուսաստանի հետ: Չորեքշաբթի օրը Ադրբեջանը հայտարարեց, որ առաջին անգամ է հարվածել հայկական տարածքին: Ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի դերը: Ակնկալո՞ւմ եք ավելի շատ աջակցություն Մոսկվայից:

Նիկոլ Փաշինյան – Մենք մշտական կոնսուլտացիաների մեջ ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Արդեն իսկ հստակ հայտարարություններ են եղել, որ որոշակի իրավիճակների զարգանալու դեպքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մեծ հաշվով կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի, ավելի ընդարձակ դեր ունի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու գործում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Շատ կարևոր եմ համարում, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանին ամենամոտիկ և ներկա համանախագահն է, մյուս համանախագահները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ընդհանրապես միջազգային հանրությունը աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդպիսի կայունացնող ջանքեր գործադրելու ճանապարհին: