Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:
«Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի տարածած հաղորդագրությունում:
Անցած շաբաթավերջին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում:
Ադրբեջանի նախագահի օգնականը, մինչդեռ, այսօր հայտարարել է, թե Բաքուն առայժմ չի պաշտպանում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատվելու դեպքում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու գաղափարը: