«Մեր կառավարությունը հրաժարվել է տարածքներ հանձնել Արցախի խաղաղության դիմաց». Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի պատճառների մասին

«Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, ահա թե ինչը պետք է լինի մեր ջանքերի կիզակետը սփյուռքում, թե Հայաստանում», - իր ուղերձում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր՝ պատերազմի 18-րդ օրը ուղերձով ժողովրդին են դիմել Հայաստանի և Արցախի ղեկավարները՝ կոչ անելով համախմբվել ու մասնակցել մարտական գործողություններին։

Մինչև ռազմաճակատի իրավիճակը ներկայացնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը​ նախ խոսեց պատերազմի պատճառների մասին։ Ադրբեջանը պահանջում էր տարածքներ ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, ինչն անընդունելի է, հայտարարեց վարչապետը՝ մանրամասներ ներկայացնելով նախապատերազմական բանակցություններից։

«Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը», - ասաց Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց, թե իր գլխավորած կառավարությունը այս տարբերակի քննարկումից հրաժարվել է՝ պնդելով առանց Արցախի կարգավիճակի որոշակիության, հարցի կարգավորումը հնարավոր չէ։ Սա էլ Ադրբեջանն է անընդունելի համարել՝ հարցը տեղափոխելով ռազմական տիրույթ՝ զարգացնելով Արցախը հայաթափելու, զինվելու, ռազմական հռետորաբանությունը։

«Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև՝ դա անընդունելի էր: Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը՝ ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում», - հայտարարեց նա:

Ըստ վարչապետի, տավուշյան մարտերն էլ ապացուցեցին անսպասելին՝ Ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, սա ցնցող նշանակություն ունեցավ Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար, որն այդ մարտերից հետո որոշեց Ղարաբաղի հարցի լուծմամբ՝ Սիրիայից ահաբեկիչներ ու վարձկաններ տեղափոխեց հակամարտության գոտի՝ հասկանալով, որ ադրբեջանական զինուժը բավարար չէ այդ հարցի լուծման համար։

«Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմներ՝ այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի, և հետևաբար՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Այս փուլում սակայն ռազմավարական զսպման հնարավարություն ունեցող երկրները պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն Ղարաբաղի հակամարտության համատեքստում՝ ըստ էության, համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը, շեշտեց Փաշինյանը։

«Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության եվրոպական մի շարք տերություններ Գերմանիայի զիջեցին Չեխոսլովակիան, իսկ թե ինչ եղավ հետո գիտեք բոլորդ: Հիմա հարցը հետևյալն է՝ արդյոք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորումն այս անգամ Փոքր Ասիայում», - ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ թուրքադրբեջանական դաշինքը շարունակում է սահմանի ամբողջ երկայնքով հարձակումը՝ չնայած հինգ օր առաջ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը։ Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով գրավելու ծրագիրը ձախողվել է հայկական բանակի մղած մարտերի արդյունքում, բայց հայկական զորքերը հյուսիսային ու հարավային ուղղություններով որոշակի նահանջել են, ահռելի զոհեր կան, հայտնեց Փաշինյանը։ Մինչ այս պահը 532 զոհի անուն է հրապարակվել։

«Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, եւ ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը: Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այսուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակը, ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի և զինված տեխնիկայի», - նշեց վարչապետը:

Թուրքադրբեջանական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու հարձակումը Արցախի ու հայաստանի նկատմամբ։ Այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ջանքեր են գործադրում հրադադարի հաստատման ուղղությամբ, ընդգծեց վարչապետը՝ վերահաստատելով հայկական կողմը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորմանը։

«Մենք մեր սուգը պետք է վեր ածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության:Մենք պիտի հաղթենք:

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ այդ վերջի անունն է Ազատ եւ Երջանիկ Արցախ, Ազատ եւ Երջանիկ Հայաստան», - հայտարարեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի ելույթից մեկ ժամ առաջ համախմբվելու և մարտական գործողություններին մասնակցելու կոչ արեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հակառակորդը, հակառակը, օգտվելով առիթից, հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ համարյա ճակատի ամբողջ երկայնքով՝ մանավանդ հարավային ուղղությամբ։ Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ: Դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, որը շատ կարևոր է, շատ շնորհակալ եմ դրա համար, նաև ֆիզիկական ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքը զգում ենք», - հայտարարեց Արցախի նախագահը: