Մասնավորապես, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր նաև կիրառվել է ռազմական ավիացիա: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտնել է, որ այսօր Սու-25 գրոհիչ օդանավ է խոցել։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր Հայաստանի տարածքում՝ Քարվաճառի սահմանին թիրախավորվել է տեխնիկա, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե իբր այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, պնդում է, որ այդ տեխնիկան թիրախավորել էր քաղաքների խաղաղ բնակիչներին։
Ադրբեջանի իշխանությունները այսօր նորից հաղորդել են, թե հայկական կողմը կրակի տակ է պահում Թերթերի շրջանը։
Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ շեշտում է․ - «Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»։
Ավելի ուշ հայկական կողմը հայտնեց, որ թիրախավորվել է հյուսիսարևելյան ուղղությամբ գտնվող մի հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Պաշտպանության բանակը սա բացահայտ ռազմական հանցագործություն է որակում։ Ադրբեջանն այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինուժը ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք բնակավայրերի մերձակայքում, վիրավորվել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։ Նա մեքենայով գնալիս է եղել դաշտ՝ հողագործական աշխատանքի։ Վիճակը գնահատվում է ծանր։ Ըստ Թաթոյանի, կարտոֆիլի ցանքատարածքների այդ հատվածում եղել են նաև այլ բնակիչներ, այդ թվում երեխաներ։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ որպես կանոն մարտերը հատկապես թեժ են լինում առավոտյան. – «Հրետակոծություններ, զրահատեխնիկա, գրոհներ, հարձակումներ․․․ ադրբեջանական կողմը փորձում է շարունակել իր հարձակումները տարբեր ուղղություններով, երեկ երեք-չորս ուղղություններով փորձել են զարգացնել»։
Արձագանքելով պաշտոնական Բաքվից օրեր շարունակ հնչող պնդումներին, թե հայկական կողմը, օրինակ, Գյանջայում միտումնավոր թիրախավորում է խաղաղ ժողովրդին՝ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ պատերազմի դեռ առաջին օրերին Ստեփանակերտը զգուշացրել էր ռազմական օբյեկտների շրջակայքում, խոշոր քաղաքներում բնակվող մարդկանց. – «Արցախի նախագահը հստակ հայտարարում է, որ մենք անցնելու ենք ռազմավարական օբյեկտների թիրախավորմանը, և եթե շրջակայքում կան խաղաղ բնակիչներ, թող համապատասխան հետևություններ անեն, տարհանվեն, ապաստարան իջնեն և այլն, ինչը որ քաղպաշտպանությամբ նախատեսված էր և ինչը որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարտավոր էր պատերազմի առաջին իսկ օրը անել, բայց նույնիսկ հինգերորդ օրը չի արել։ Եվ հետո ասում են, թե դրա համար, բնականաբար, մեղավոր են հայերը, որ փորձում են ինքնապաշտպանությունից ելնելով․․․ այն բանից հետո, երբ հինգ օր շարունակ Շուշին ու Ստեփանակերտը հրթիռակոծվում էին»։
Կարմիր խաչը նախօրեին կողմերին հորդորեց անվտանգության երաշխիքներ տրամադրել իրենց աշխատակիցներին, որպեսզի կարողանան ապահովել դիակների դուրսբերումը, գերիների փոխանակումը։ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ անգամ ռազմաճակատի թեկուզ մի հատվածում դա հնարավոր չի եղել իրականացնել․ - «Գոնե հանուն զոհերի, վիրավորների, գերիների կատարվի հումանիտար ինչ-որ գործողություն։ Անգամ էնտեղ ուրիշ բաների մասին չէր էլ խոսքը գնում։ Բայց դա էլ չի կատարվել։ Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարի պայմանները, Ադրբեջանը չի էլ կատարել հրադադարի պայմանները։ Միայն Մարտակերտի ուղղությամբ մի հատ դրվագ է եղել, որ կարողացել են դիակներ փոխանակեն, ու շատ արագ էդ դադարեցվել է, որովհետև միջազգային դիտորդներին թույլ չեն տվել գալ․․․ մենք էլ դադարեցրել ենք, որովհետև եթե նույն զուգահեռ ժամանակ տասը կիլոմետր հարավում կամ հյուսիսում դու շարունակում ես կրակել, դիվերսանտ ես ուղարկում Հադրութ, ի՞նչ հրադադարի մասին կարող ենք խոսել»։
Հայկական կողմը մինչև օրս հաղորդել է 532 զոհված զինծառայողի անուն, Ադրբեջանը՝ ոչ մի։ Բաքուն բանակում կորուստները գաղտնի է պահում։
«Ինչը կասկածելի ա, չենք կարող ասել։ Օրինակ, երեկ երկու զինծառայող Մատաղիսի ուղղությամբ դուրս են եկել, տասը օր պահ մտած են եղել անտառներում։ Ինֆորմացիա չունեինք ո՛չ մենք, ո՛չ ծնողները։ Բայց վերջնական ստուգումները էսպես են ընթանում։ Այլ է հարցը Ադրբեջանի պարագայում, որ բացարձակ թիվ չեն ներկայացնում», - նշեց Հովհաննիսյանը։
Այս պատերազմի հետևանքով Ադրբեջանի տարածքում հայազգի երկու գերի կա, որոնց հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով նրանց վերադարձնել։
Լեռնային Ղարաբաղը մինչև օրս հաղորդել է 31 խաղաղ բնակչի զոհվելու մասին։ Ադրբեջանը, երեկվա տվյալներով, հայտնել է 41 քաղաքացական զոհի մասին։