Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան այսօր հանդես եկավ տեսաուղերձով։
Ուղերձում Արցախի նախագահը, մասնավորապես, ընդգծեց՝ ադրբեջանական կողմն «ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությունը, հետո, հաջողության դեպքում, նաև Հայաստանը»։
Նա հայությանը համախմբվելու կոչ արեց․ - «Մենք հավատում ենք, որ հաղթելու ենք, մեզ պետք է համախմբվել, մեզ պետք է միավորվել և ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում եմ իր եղբայրների ակտիվ մասնակցությունը՝ սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների, օրհասական պահն է այսօր՝ հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու, փոխարենն անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու, մենք պետք է պատվով շարունակենք ապրել։ Դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, որը շատ կարևոր է, շատ շնորհակալ եմ դրա համար, նաև ֆիզիկական ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքը զգում ենք»։
Նախագահը նշեց, որ Պաշտպանության բանակը շարունակվում է դիմադրել և ուժգին հարվածներ հասցնել՝ ադրբեջանական կողմին պատճառելով զինծեխնիկայի և մարդկային ահռելի կորուստներ։
Արցախի նախագահը նաև ընդգծեց, որ բարձր է գնահատում Ռուսաստանի դաշնության և միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։
«Գիտեք վերջերս եռակողմ ձևաչափով Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և համաձայնություն է ընդունվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և հետագայում վերսկսել բանակցությունները, բայց ի՞նչ է տեղի ունեցել՝ հակառակորդը, հակառակը, օգտվելով առիթից, հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ համարյա ճակատի ամբողջ երկայնքով մանավանդ հարավային ուղղությամբ։ Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ», - հայտարարեց Հարությունյանը՝ շարունակելով․ - «Հասկանում ենք, որ հակառակորդին ստիպել զինադադար, ունենք ընդամենը մի ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար ստանձնած առաքելության առումով պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ, չնայած, նորից եմ նշում, հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ՝ ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու, առաջին հերթի արցախահայությունը, հետո հաջողության դեպքում նաև Հայաստանը»։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։