«Ադրբեջանական բանակի կազմում կռվող սիրիացի զինյալները շարունակում են ծանր կորուստներ կրել», - տեղեկացնում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը»։
Մեծ Բրիտանիայում գործող և ամենօրյա ռեժիմով սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքին հետևող այս կառույցի ներկայացուցիչները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղում զոհված սիրիացիների թիվը երեկվա դրությամբ 119-ն էր։
Կենտրոնի՝ հոկտեմբերի 4-ի հրապարակած տվյալների համաձայն, Ղարաբաղում զոհված սիրիացի վարձկանների թիվն արդեն իսկ 72 հոգի էր կազմում։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ պատերազմի երկրորդ շաբաթվա ընթացքում հայկական ուժերի հետ մարտերի ընթացքում ևս առնվազն 50 սիրիացի վարձկան է զոհվել։
«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» փոխանցմամբ, ի դեպ, Ղարաբաղում ծավալված մարտական գործողություններին մասնակցած և ողջ մնացած զինյալների մի մասը Ադրբեջանում ընդամենը մի քանի շաբաթ անցկացնելուց հետո վերադարձել է հայրենիք։ Ավելի վաղ նույն աղբյուրը պնդում էր, որ սիրիացի զինյալները Ադրբեջան մեկնելուց առաջ եռամսյա պայմանագրեր են կնքում։ Բրիտանական «Գարդիան»-ն էլ երեկ, վկայակոչելով ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորված սիրիացիներից մեկին, գրել էր, թե Ադրբեջան ժամանած վարձկաններից 250-ը ադրբեջանական իշխանություններին խնդրել են իրենց հետ ուղարկել Իդլիբ։
Կարծես լրացնելով արևմտյան մամուլում հայտնված այս հրապարակումները՝ «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» պնդում է, որ Սիրիայի հյուսիսում գործող թուրքական հետախուզության աշխատակիցները վերջին օրերին նոր զինյալների հավաքագրման հարցում որոշակի բարդությունների են սկսում բախվել։
«Ի տարբերություն Լիբիայի՝ Ադրբեջանի պարագայում սիրիացիներից շատերը մի շարք գործոններ մատնանշելով հրաժարվում են մեկնել Ադրբեջան։ Ըստ ամենայնի, գլխավոր պատճառը [սիրիացի զինյալների և ադրբեջանցիների միջև] առկա դավանաբանական տարբերությունն է», - ենթադրում են կենտրոնի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ Ադրբեջան մեկնած սիրիացի զինյալները սունի մահմեդականներ են, իսկ ադրբեջանցիների մեծամասնությունը շիաներ են։
Չնայած առկա բարդություններին, սակայն, ըստ «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» տեղական աղբյուրների, թուրքական հետախուզությունն ու անվտանգության ոլորտի թուրքական մասնավոր ընկերությունները շարունակում են զինյալների նոր խմբեր մարզել՝ Ադրբեջան ուղարկելու նպատակով։ «Դրանք հիմնականում Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումների՝ «Ալ Համզաթ» դիվիզիայի և «Սուլթան Մուրադ»-ի անդամներն են, որոնց գերակշիռ մասն ազգությամբ թուրքմեն է», - նշված է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» տարածած հաղորդագրության մեջ։