Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Թուրքիային մեղադրում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար


Պաշտոնական Փարիզը Թուրքիային մեղադրում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար։

«Այս հակամարտությունում նորությունը Թուրքիայի ռազմական ներքաշվածությունն է, ինչը սպառնում է հակամարտությունը դարձնել միջազգային, որից մենք ամեն կերպ փորձում ենք խուսափել», - այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Նա կրկին հիշեցրել է Փարիզի դիրքորոշման մասին՝ հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները առանց որևէ նախապայմանների և սկսել բանակցությունները։

«Կողմերի նախապայմանները թույլ չեն տալիս արդյունքների հասնել։ Պետք է ապահովել կրակի դադարեցում և նստել սեղանի շուրջ», - ասել է ղարաբաղյան հակամարտության միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ հատուկ շեշտելով՝ Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակը շատ մտահոգիչ է, և Փարիզը վճռականորեն մոբիլիզացնում է իր բոլոր ուժերը կարգավորման հասնելու համար։

ԼՂ-ում 11-րդ օրը շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով են հանդես եկել նաև Լոնդոնն ու Օտտավան: Երկու երկրների արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանը համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել հակամարտության գոտում քաղաքացիական օբյեկտների հրետակոծությունների կապակցությամբ՝ հակամարտող կողմերին հորդորելով դադարեցնել կրակը և հետևել հրադադարի մասին համաձայնագրի պահանջներին:

«Մենք հաստատակամորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին։ Կոչ ենք անում բոլոր երրորդ ուժերին և բարեկամ պետություններին կրկնապատկել ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են էլ ավելի խորացնել ճգնաժամը», - ասված է Դոմինիկ Ռաաբի և Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանի համատեղ հայտարարության մեջ:

Կանադան, հիշեցնենք, ավելի վաղ սառեցրեց ռազմական սարքավորումների մատակարարումը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կազմում իր դաշնակից Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ։

ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Նիդեռլանդներում Անկարայի դեմ ավելի կոշտ քայլեր են պահանջում: Երեկ երկրի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը միջոցներ ձեռնարկել և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։

Նիդեռլանդների Քրիստոնեա-դեմոկրտարական կուսակցության խոսնակ Մարթայն ֆան Հելֆերթի հեղինակած բանաձևում ասվում է՝ Անկարան պատերազմ է հրահրում և ստեղծված իրավիճակում «մեծագույն պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որին պետք է վերջնագիր ներկայացվի»։

Եվրամիության անդամ երկրներից Թուրքիայի հետ պատմական տարաձայնություններ ունեցող Հունաստանն էլ Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ֆոնին հետ կանչեց Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով՝ Բաքվին փոխանցելով նաև պաշտոնական բողոքի նոտա: Աթենքը այդ քայլին է դիմել «Ադրբեջանի կառավարությունից հնչող անհիմն և վիրավորական հայտարարությունների պատճառով»։

«Այդ հայտարարություններում ադրբեջանական կողմը պնդում էր, թե պաշտոնական Աթենքը հանդուրժում է զինյալների ներկայությունն իր տարածքում», - նշված է Հունաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական հայտարարությունում:

Անցած ամիս Իլհամ Ալիևը Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոս Պիպերիկոսից հավատարմագրի ընդունելության արարողության ժամանակ հայտարարել էր, թե Բաքվին մտահոգում է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ ռազմական համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանը Ադրբեջանի թշնամին է:

Հայաստանի և Ադրբեջանի հարևան Իրանն էլ իր անմիջական սահմաններին չդադարող ռազմական գործողությունների կապակցությամբ հերթական հայտարարությամբ է հանդես եկել։ Պաշտոնական Թեհրանը կրկին բարձրաձայնել է ղարաբաղյան հակամարտությանը օտար ուժերի միջամտության հնարավորության վերաբերյալ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում, ըստ իրանական կողմի, մասնավորապես ասել է. «Սահմանամերձ գոտում առկա լարվածությունը չպետք է հնարավորություն տա մի շարք ահաբեկչական կառույցների մեծացնել իրենց ազդեցության ծավալները»։

Այս հեռախոսազրույցից ժամեր անց ադրբեջանական Իրանի սահմանամերձ շրջանները հերթական անգամ պատահական հրետակոծության են ենթարկվել ինչի համար պաշտոնական Բաքուն ներողություն է խնդրել սահմանակից երկրի իշխանություններից: Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իրանի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն` ընդգծելով, որ Իրանի ղեկավարությունը ոչ մի դեպքում չի անտեսի իր քաղաքացիների անվտանգությունը:

Հայաստանի մյուս հարևանը՝ Վրաստանը հավաստիացնում է, թե անում է իր ուժերի չափով հնարավորը տարածաշրջանում կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երկրի կառավարության ղեկավար Գեորգի Գախարիայի խոսքերով՝ Վրաստանի համար ամենամեծ վտանգը տարածաշրջանում պատերազմն է, և Թբիլիսին ուղղակիորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG