Սահմանադրական դատարանը նոր ղեկավար ունի։ Այսօր շուրջ հինգ ժամ տևած նիստում դատարանի նախագահի պաշտոնում ընտրվել է դատավոր Արման Դիլանյանը։ Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան, լրագրողների հետ կարճ ճեպազրույցում խոստացավ նորընտիր նախագահը։
«Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող Սահմանադրական դատարան», - ասաց նա:
Արման Դիլանյանը նախագահի միակ թեկնածուն է եղել։ Ինքնառաջադրվել է։ Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել ինը դատավորից վեցը, երկուսը՝ դեմ, մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել։ Սահմանադրական դատարանի դատավոր է 2018 թվականից։ Մինչ այդ դատավոր է եղել վարչական դատարանում։ Նիստում առաջադրվել է նաև դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն նրանք ինքնաբացարկ են հայտնել։
Մոտ երկու շաբաթ առաջ «Ազատության» հետ զրույցում Արման Դիլանյանը վստահեցրել էր, թե ՍԴ նախագահի պաշտոնը գրավիչ չէ, ներկայացուցչական է, դժվար է դատավորի մասնագիտական աշխատանքը համատեղել նախագահի պաշտոնի հետ։ Ի՞նչ փոխվեց, որ ինքնառաջադրվեց։ «Այս իրավիճակում մի տեսակ չեմ ուզում շատ պաթոսային հնչի, բայց իմ կարծիքով` մենք պարտավոր էինք այդ քայլը կատարել, և մենք պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ: Ես ասել եմ, և ես ասացի, որ ես չեմ ուզում լինել նախագահ, և իրականում ինձ համար շատ ավելի գրավիչ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Ես հիմա էլ եմ այդ կարծիքին: Եվ ինչպես նկատում եք, այնպես չէ, որ շատ ոգևորված եմ, որ ընտրվել եմ Սահմանադրական դատարանի նախագահ, որովհետև պատկերացնում եմ, թե ինչ տեսակի պատասխանատվություն է, և ինչ տեսակի աշխատանք է մեզ սպասում ապագայում կատարելու»:
Բարձր դատարանի նախագահի պաշտոնը թափուր է հունիսի 26-ից՝ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, երբ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, դատարանը լքեցին երեք դատավորներ։ Այս փոփոխություններն արվեցին Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման նպատակով։ ՍԴ կազմի ոչ լեգիտիմության, ճգնաժամի մասին մեկուկես տարի առաջ բարձրաձայնել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Այսօրվա ընտրություններով ամբողջացավ նոր ձևավորված դատարանի կազմը։ Արդյոք լուծվեց ճգնաժամը, հարցրինք Արման Դիլանյանին։ «Մի անգամ կարծեմ այդ հարցը լրագրողները տվեցին, ես իմ հայացքները հիմա բացառապես ուղղում եմ դեպի ապագա, ընդհանրապես գիծ եմ քաշում անցյալի հետ կապված և ուղղում եմ դեպի ապագա», - պատասխանեց նա:
Սա Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության երկրորդ փորձն էր։ Առաջինը սեպտեմբերի 25-ին էր, միակ թեկնածուն ինքնառաջադրված Երվանդ Խունդկարյանն էր՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը, որի օգտին ընդամենը երկու դատավոր էր քվեարկել։ Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է վեց տարի ժամկետով` առանց նույն պաշտոնում վերընտրվելու իրավունքի։