Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանի տպավորությամբ՝ ՍԴ նախագահի ընտրությունը պայմանավորված է


Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի ընտրությունը կշարունակվի այսօր: ՍԴ նախագահի թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է, որն ինքնառաջադրվել է: Երեկ նիստը հարցուպատասխանի փուլում էր, այսօր, ամենայն հավանականությամբ, կլինի ՍԴ նախագահ ընտրելու քվեարկությունը:

Երեկվա նիստից հետո ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ` ՍԴ նախագահի ընտրությունը պայմանավորված է: «Երբ որ մնացել էր մեկ թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը: Ինձ մոտ տպավորություն է, որ այս ամբողջն, ըստ էության, ուղղորդված ու պայմանավորված է», - ասաց Թովմասյանը: Վերջինս, հիշեցնենք, առաջադրել էր դատավոր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը ՍԴ նախագահի պաշտոնում։

Հարցին` եթե համարում է, որ այդ պրոցեսն իրավական չի, ինչո՞ւ է մասնակցում, թեկնածու առաջարկում, պատասխանեց. - «Ես ի սկզբանե արտահայտել եմ իմ դիրքորոշումը դատավորներից յուրաքանչյուրի նաև լեգիտիմության պակասի առումով և հստակ ֆիքսել եմ իմ կարծիքը նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ` ով ինչ աստիճանի լեգիտիմության պակաս ունի: Եվ պարոն Խաչատրյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ինքը այն չորս դատավորներից մեկն է, որը լեգիտիմության որևէ պակաս չունի»:

«Ազատության» հարցին՝ չնայած, որ ինքը առ ոչինչ է համարել սահմանադրական փոփոխությունները` հայտարարելով, թե օրինականության հետ խնդիր կա, շարունակում է աշխատել, դա ի՞նչ է նշանակում, ՍԴ նախկին նախագահը պատասխանեց. - «Օրինականության հետ խնդիր լինելը և իմ մասնակցելն ի՞նչ կապ ունեն իրար հետ: Ես ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել, պայքարել մինչև Հայաստանում այդ հարցում սահմանադրականությունը կվերականգնվի: Չեմ կարող ասել՝ երբ հաջողության կհասնեմ, որ օրը դա կլինի, բայց շարունակելու եմ»:

Շարունակելով իր տեսակետի մասին խոսել, թե իր տպավորությամբ սա ուղղորդված գործընթաց է, Հրայր Թովմասյանը մանրամասնեց. - «Որովհետև կային, իմ կարծիքով, այլ թեկնածուներ, պետք է առաջադրվեին, և երբ որ այլ թեկնածուներ չառաջադրվեցին, պարոն Խաչատրյանն էլ հանեց, ես ասացի, որ ես պարոն Խաչատրյանի հետ չեմ զրուցել, պարոն Խաչատրյանի հետ չեմ համաձայնեցրել: Բայց եթե հանվում է, և մնում է մեկ թեկնածու, նման տպավորություն ինձ մոտ ստեղծվեց»:

Ինքն, ինչպես նշեց, ինքնառաջադրվելու ցանկություն չի ունեցել. - «Ես ի սկզբանե մոտավորապես նման հայտարարություն արեցի, երբ որ դեռևս չկային թեկնածուներ, որ ինձ մոտ տպավորություն է, որ ավելի շատ հետևյալ հարցադրումն է, որ ով պետք է չլինի, և այդ ով պետք է չլինելու մեջ ես եմ, կարող է ևս մեկ դատավոր»:

«Ազատության» հարցադրմանը, թե մշտապես ասում է, որ օրվա հարց չէ, մի դարձրեք «դարի հարց», նրա հրաժարականին շատերն էին սպասում, այդ դեպքում ինչո՞ւ նախագահից չէր հրաժարվում, երբ իրեն քննադատում էին, և դա էլ, ըստ էության, դարձավ «դարի հարց», ՍԴ նախկին նախագահն արձագանքեց. - «Որովհետև ինձ համար շատ կարևոր է` ոչ թե ինչ-որ մեկը դրսից քննադատում է ինձ, ինչ է ասում, ինձ համար շատ կարևոր է, թե ես այդ գործառույթն արդյունավետ եմ իրականացնում, թե ոչ: Ես ունեցել եմ առիթ, դրա մասին բարձրաձայնել եմ, թեպետ Սահմանադրական դատարանի նախագահի իմպիչմենթի որևէ ընթացակարգ չկա, բայց ես բոլորի ներկայությամբ մի քանի անգամ հայտարարել եմ` սիրելի գործընկերներ, հարգելի գործընկերներ, բոլորը ձեզանից, 5-ը, այսինքն` մեծամասնությունը կգա իմ սենյակ և կասի` պարոն Թովմասյան, Ձեզ շատ ենք սիրում, շատ ենք հարգում կամ առանց դրա, բայց չենք ուզում, որ մեր նախագահը լինեք, ես հրաժարական կտամ»:

XS
SM
MD
LG