Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը տարբեր գնահատականներ են հնչեցնում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ


Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանի հասցեին ընդդիմադիր գործիչների հնչեցրած սուր քննադատության ֆոնին՝ իշխանության ներկայացուցիչները սատարող դիրքորոշմամբ են հանդես գալիս Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առնչությամբ։

Ազգային ժողովի իմքայլական փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ իշխող ուժը ընտրություն է կատարել՝ ի գիտություն ընդունելով բոլոր մտահոգությունները։

«Այդ քննադատությունները տարբեր կենտրոններից էին գալիս, գալիս էր, օրինակ, հակամերձ խմբից, գալիս էր իրավապաշտպաններից, բայց եթե, օրինակ, բերեինք իրավապաշտպաններից մեկին, նույն բանը կրկնվելու էր, մեկ այլ կենտրոնից սկսելու էին քննադատել, ասելու էին՝ ինքը սա է, ինքը նա է, նույնը լինելու էր հակառակ պարագայում: Իմ ասածը հետևյալն է, որ մշտապես փորձ է կատարվելու, ինչու ոչ, նույնիսկ սեփական թեկնածուին առաջ տանելու և ինչ-որ ազդեցություն ունենալու: Մենք այսօր ընտրել ենք մի թեկնածուի՝ ի գիտություն ընդունելով բոլոր մտահոգությունները, ի գիտություն ընդունելով այն ամենն, ինչ այստեղ ասացիք և նաև կապված անկախության, կապված մեր հետ կապ չունենալու, կադրերի պակասի և այլնի հետ», - նշեց Սիմոնյանը:

Նախորդ երկու օրերին Սահմանադրական դատարանը չկարողացավ նոր նախագահ ընտրել։ Առաջադրված երկու թեկնածուներից Աշոտ Խաչատրյանը երեկ ինքնաբացարկ հայտնեց, արդյունքում այսօր սեղանին առկա է ինքնառաջադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը։ Հայաստանի բարձրագույն դատական ատյանի նոր նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է, որպեսզի Սահմանադրական դատարանի ինը դատավորներից առնվազն հինգը կողմ քվեարկեն թեկնածուին։

Երվանդ Խունդկարյանը հայտնվեց քննադատության թիրախում «Ա1+» հեռուստաընկերությանն առնչվող որոշման պատճառով, երբ 2004 թվականին որպես տնտեսական դատարանի դատավոր նա մերժել էր եթերազրկված հեռուստաընկերության դիմումն ընդդեմ «Սինեմաքս» ընկերության` այդպիսով նախապատվություն տալով պետռեգիստրում չգրանցված «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը։

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը հայաստանյան դատական ատյանների որոշումները ի վերջո բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), որն էլ 2008-ին վճռեց՝ Հայաստանի կառավարությունը հեռուստաընկերությանը պետք է փոխհատուցի 30 հազար եվրո:

Խունդկարյանը քննադատության է արժանանում նաև ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի վճիռների կապակցությամբ, քանզի նրա կայացրած որոշումները քննվել են Ստրասբուրգի դատարանում և ճանաչվել որպես խախտումներով կայացված վճիռներ։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը այսօր հակաօրինական բնութագրեց Սահմանադրական դատարանում նոր նախագահի ընտրությունը։

«Անկեղծ ասած ինձ համար այլևս փակ է այդ էջը ՍԴ-ի, որովհետև այնտեղ բացարձակապես հակաօրինական գործողությունները հետևում են մեկը մյուսին, ես այս պահին չունեմ գնահատական», - ասաց Զոհրաբյանը:

Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հակաիրավականության տարր է տեսնում Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացում։ «Այն պրոցեսները, որոնք ընթացան Սահմանադրական դատարանի շուրջ, հենց սկզբից ի վեր մենք հակաիրավականության տարր գնահատում ենք, որ դրանց մեջ առկա է, և բնականաբար այն, ինչ որ հակաիրավական քայլով ենք սկսում, ամբողջությամբ իր վրա է վերցնում հակաիրավականության ստվերը: Բնականաբար այսօրվա այս գործընթացն էլ այդ տարրն իր մեջ պարունակում է», - նշեց ԼՀԿ պատգամավորը:

Հայ ազգային կոնգրեսի Իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով, այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ, տեղիք է տալիս կասկածելու, որ գործ ունենք նշանակման, ոչ թե ընտրության հետ։

«Մենք ի սկզբանե խոսում ենք, որ Սահմանադրական դատարանում պետք է վերականգնել առնվազն երկու լեգիտիմությունները. նախ՝ դատարանակազմության հետ կապված, երկրորդ՝ դեմոկրատական լեգիտիմության հարցը: Երվանդ Խունդկարյանի Սահմանադրական դատարանում հայտնվելով՝ այդ դեմոկրատական լեգիտիմության հաղթահարումն ընդհանրապես գնաց 7 սարից այն կողմ, իսկ այն փաստը, որ Խունդկարյանը միակ թեկնածուն է Սահմանադրական դատարանի նախագահի, մեզ իսկապես տեղիք է տալիս կասկածելու, որ սա ընդամենը նշանակում էր և չի եղել իրականում ընտրություն», - ասաց Խաչատրյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի կարծիքով, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը դավաճանություն է սկզբունքներին, որոնք հռչակվել էին դատական համակարգի փոփոխությունների համատեքստում։

«Մասնավորապես՝ դավաճանություն է, երբ դու հայտարարում ես, որ ՄԻԵԴ-ում վճիռներ պարտված դատավորները պետք է հեռացվեն դատական համակարգից, բայց բացարձակ մեծամասնությամբ, ճնշող մեծամասնությամբ դու կողմ ես քվեարկում այդպիսի դատավորի Հայաստանի բարձրագույն դատական ատյանում՝ Սահմանադրական դատարանում, թեև եռաստիճան համակարգի մաս չի, այդպիսի բարձր դատարանում նրա պաշտոնավարմանը կողմ ես քվեարկում, սա կլասիկ դավաճանություն է», - ընդգծեց Նահապետյանը:

XS
SM
MD
LG