Արբանյակը հոկտեմբերի 3-ին Գյանջայի օդակայանում գրանցել է առնվազն երկու թուրքական F-16

Թուրքական ռազմաօդային ուժերի F-16 օդանավ, արխիվ

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Planet Labs ընկերության արբանյակը հոկտեմբերի 3-ին Գյանջայի օդակայանում արձանագրել է F-16 տեսակի առնվազն երկու մարտական օդանավերի ներկայությունը, դրանց հարևանությամբ կայանված էր նաև մի բեռնատար ինքնաթիռ, ամենայն հավանականությամբ՝ CN-235 տեսակի:

The New York Times պարբերականի լրագրող Քրիստիան Թրիբերթը Թվիթերի էջում գրել է, թե F-16 օդանավերը հավանաբար թուրքական են:

«Մենք համեմատել ենք այդ օդանավերի մոտավոր չափսերը և վիզուալ բնութագրերը Ադրբեջանի զինված ուժերի օգտագործած ՄիԳ-21, ՄիԳ-29, Սու-25 և Լ-39 օդանավերի հետ, դրանք առավելապես համապատասխանում են Թուրքիայի օդուժի կործանիչներին», - գրել է Թրիբերթը:

Նրա համոզմամբ, օդակայանում կայանված CASA/IPTN CN-235 ավելի խոշոր ինքնաթիռն էլ է պատկանում թուրքական օդուժին:

Ամերիկացի լրագրողի կարծիքով, «F-16 տեսակի օդանավերի օգտագործումը կարող է վկայել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գործողություններին Թուրքիայի հետզհետե աճող ներգրավվածության մասին»:

Սեպտեմբերի վերջին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ F-16 թուրքական օդանավը Հայաստանի օդային տարածքում խոցել է Սու-25 հայկական ինքնաթիռը, հայկական ուժերի օդաչուն զոհվել է:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ թուրքական F-16-ները սատարել են ադրբեջանական Սու-25-ներին և թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերին հայկական թիրախներին՝ Վարդենիսին, Մեծ Մասրիկին, Սոթքին, ինչպես նաև հայկական հետևակի դիրքերին օդային հարվածներ հասցնելու ժամանակ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 4-ին հայկական կողմը հաղորդեց Գյանջայի օդանավակայանը ոչնչացնելու մասին: