Մատչելիության հղումներ

Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ տարածքում խոցել է ՍՈւ-25 գրոհիչ, օդաչուն զոհվել է. ՊՆ խոսնակ


Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից մարտական խնդիր կատարելիս Հայաստանի օդային տարածքում խոցվել է Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` մանրամասնելով. – « Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները»

Ըստ Ստեփանյանի, Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։

Մինչդեռ պաշտոնական Անկարան հերքում է Հայաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, թե Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել է ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը թուրքական Habertürk TV-ի լրագրողին ասել է, թե «Թուրքիան Հայաստանի ինքնաթիռ չի խոցել»:

Այսօր առավոտյան էլ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլին հայտարարել էր, թե ադրբեջանականա կողմը F-16 տիպի կործանիչներ չունի և մարտերում դրանք չի կիրառում:

Այսօր առավոտվանից Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում էր, որ իրավիճակը լարվել է նաև Վարդենիսի ուղղությամբ, և որ Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ` այդ թվում թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

Մինչև Վարդենիսի ուղղությամբ օդուժի կիրառումն ու գյուղերի հրետակոծումը Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ, որով հերքել էր ադրբեջանական կողմի այն տեղեկատվությունը, թե Վարդենիսի շրջանից հրթիռակոծվել է Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը:

Հայաստանի արտաքին գերատեսչությունն ընդգծել էր, որ այս «կեղծ տեղեկատվության միջոցով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում մարտական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու, այդ թվում Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար»:

Այս հայտարարությունից րոպեներ անց հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակել են նաև Հայաստանի զինված ուժերի Վարդենիսի զորամասի վրա, ինչպես նաև օդուժ են կիրառել:

Ինչպես այսօր առավոտյան հրավիրած ճեպազրույցում տեղեկացրեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ն նաև քաղաքացիական ավտոբուս է խոցել, որը այրվել է: Նախնական տեղեկություններով, ավտոբուսը դատարկ է եղել:

Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանն այցելեց Վարդենիս` ցուցադրելով թե' այրված ավտոբուսը և թե' հրթիռակոծության արդյունքում ստեղծված իրավիճակը. – «Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս հարվածը հասցվել է, ամենայն հավանականությամբ... սա Նորակերտ համայնքն է, Նորակերտ համայնքի կողքը գտնվում է երկաթգիծը, ամենայն հավանականությամբ հարվածը փորձել են հասցնել երկաթգծին, բայց վրիպել են, մոտավորապես մի քանի հարյուր մետր տարբերությամբ է ընկել այս ավիառումբը: Սա Մեծ Մասրիկ համայնքն է»:

Ի դեպ, դեռ ցերեկը Մեծ Մասրիկի բնակիչ Իրինա Գասպարյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ մի քանի անգամ կրակել են գյուղի հարակից տարածքների վրա` հավելելով, որ խուճապ չկա, և որևէ մեկը չի պատրաստվում լքել իր տունը. – «Անընդհատ կրակոցներ... Մենք ապշած ենք, որովհետև 90-ականներին էլ նման բան չենք լսել: Ահավոր ա վիճակը: Էս վերջին քսան րոպեին լռության ա, ոչինչ չկա, բայց դրանից առաջ շատ-շատ, մի քանի անգամ իրար հետևից կրակեցին: Ու մենք ծուխերը տեսնում էինք: Նաև մեկ զոհ ունենք, ցավոք, Վարդենիսում: Ասում են, որ Նորակերտ, Փոքր Մասրիկ, էդ կողմերի վրա են կրակել: Խուճապ չկա, որևէ մեկը դուրս չի գալիս»:

Հայկական կողմի փոխանցմամբ, այսօր վաղ առավոտվանից ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները արցախա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով: Գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են TOC-1A ծանր հրետանային համակարգեր: Ըստ Պաշտպանության նախարարության, TOC, Cмерч և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը` այն բարձրացնելով նոր մակարդակի, ինչի արդյունքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ:

«Ազատության» հարցին, թե որ ուղղություններով են ձեռնարկվել այդ հարձակումները, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. – «Հիմնականում նույն ուղղություններն են` Արցախի սահմանի հյուսիսային և հարավային հատվածները, մերձարաքսյան հովիտը, Թալիշի ուղղությունը, Մատաղիսի ուղղությունը: Այլ ուղղություններում էլ են ընթանում մարտեր: Մարտունիի ուղղությամբ են ընթացել մարտեր, Ասկերանի որոշակի ուղղությամբ են ընթացել մարտեր»:

Պաշտոնական վերջին տվյալներով, սեպտեմբերի 27-ից մինչև օրս ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 81 հայ զինծառայող: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների թիվը հասել է 5-ի, ևս 30 մարդ վիրավորվել է:

Ադրբեջանը իր զինվորականների շրջանում զոհերի մասին տեղեկատվություն չի տրամադրում, ընդամենը նշում է, որ սեպտեմբերի 27-ից մինչև օրս 10 քաղաքացիական անձ է զոհվել, 30-ը` վիրավորվել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG