Ժամանակն է, որ Եվրամիությունը կոշտ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի բռնապետական վարչակազմի և Թուրքիայի դեմ, որը շարունակաբար հակամարտություններ է հրահրում Եվրոպայի սահմանների մոտ. մոտավորապես սա էր Եվրախորհրդարանում այսօր մոտ երկուս ու կես ժամ շարունակված քննարկումների հիմնական կարգախոսն ու ուղերձը խորհրդարան եկած արտգործնախարար Ջոզեպ Բորելին:
«Տպավորություն է, որ մեր արտաքին քաղաքականության մարտահրավերներից շատերի, եթե ոչ մեծ մասի հիմնական հրահրիչը Թուրքիան է», - հայտարարում էր խորվաթ պատգամավոր Տոնինո Պիցուլան՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունները ևս մեկ հստակ ապացույց են, որ Անկարան «ոտնահարում է եվրոպական սկզբունքներն ու միջազգային իրավունքի նորմերը»:
«Սա առանձին դեպք չէ, ժամանակն է, որ մենք պատժամիջոցներ կիրառենք», - իր հերթին պնդեց ֆրանսիացի պատգամավոր Ժերոմ Ռիվիենը։ - «Օսմանյան կայսրությունը վերականգնելու Անկարայի ցանկությունն ակնհայտ է։ Էրդողանը անխնա շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը: Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք նրա վարչակազմի նկատմամբ: Մենք չպետք է միայն հայտարարություններով սահմանափակվենք, մենք պետք է գործենք»:
Հունաստանից ընտրված Իոանիս Լագոսը է՛լ ավելի հեռուն գնաց և մատնանշեց, թե ինչ կարող է անել եվրոպական ընտանիքը, իր խոսքով` հայերի կոտորածը կանգնեցնելու, տարածաշրջանում կայունություն հաստատելու համար․ - «Այն, ինչ կատարվում է հիմա Լեռնային Ղարաբաղում, հայերի ցեղասպանության շարունակությունն է թուրքերի կողմից, և հարց է բոլորին` մինչև ե՞րբ է Եվրամիությունը հանդուրժելու այս անընդունելի պահվածքը Թուրքիայի կողմից»:
«Իրավիճակը շատ, շատ լուրջ է», - հայտարարեց մեկ այլ պատգամավոր` Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն` մեջբերելով «Ամնեսթի Ինթերնեյշնլի» վերջին զեկույցը, որի համաձայն Ադրբեջանն արգելված զինատեսակներ է կիրառում Ստեփանակերտում ապրող խաղաղ բնակչության դեմ:
«Սա մարդու իրավունքների միջազգային նորմերի կոպտագույն խախտում է», - հայտարարեց Իտալիայից ընտրված պատգամավորը՝ հավելելով, որ Եվրամիությունը չպետք է վախենա ներգրավվել այս հարցին` հանուն խաղաղ բնակչության պաշտպանության:
Շվեդիայից ընտրված Չառլի Վեյմերսը ուղիղ հարց բարձրացրեց` ինչո՞ւ է Եվրամիությունը հավասարության նշան դնում ագրեսորի և սեփական կյանքի իրավունքը պաշտպանող ժողովրդի միջև:
«Մի՞թե մենք երկուսին էլ պետք է հավասարապես վերաբերվենք: Ո՛չ, սա ագրեսիա է Ադրբեջանի բռնապետ Ալիևի կողմից` Թուրքիայի նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցների աջակցությամբ, որպեսզի հետ բերեն Ստալինի կողմից հաստատված անարդարությունը և պոկեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից», - հայտարարեց նա։
Իսպանիայից ընտրված Կլարա Պոնսիատի Օբիոլսը փաստեց` Եվրամիության կառավարությունը պատժամիջոցներից և հրադադարի կոչերից բացի, պետք է նաև հորդորի անդամ երկրներին դադարեցնել զենքի ու զինամթերքի մատակարարումը Թուրքիային, քանի դեռ դրանք կիրառվում են Ղարաբաղի դեմ։ Ընդ որում, պատգամավորն այս հարցում առաջին հերթին սեփական կառավարությանը քննադատեց՝ փաստելով, որ Եվրամիության կազմում Իսպանիան է Թուրքիային զենք մատակարարող առաջատար երկրներից մեկը։
Ղարաբաղի ժողովրդին ու Հայաստանին աջակցություն հայտնելու համար եվրոպացի պատգամավորներից մի քանիսը քննարկմանը եկել էին Հայաստանի դրոշով։ Ոմանք էլ Խորհրդարանի ամբիոնից հայտարարեցին` ճանաչում են Արցախի անկախությունը և վստահ են, որ այս հարցը չի կարգավորվի առանց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու:
Կատալոնիայից ընտրված և անկախության համար պայքարող Ջորդի Սոլեն փաստեց` արցախցիները վաղուց են կատարել իրենց ընտրությունը ժողովրդավարական ճանապարհով:
Նույնը պնդեց նաև գերմանացի Մարտին Շոնեբորնը, ով ի դեպ անդամակցում է ԵՄ-Ադրբեջան համագործակցության խմբին․ - «Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը և հուսով եմ՝ իմ օրինակին կհետևեն նաև մյուսները»:
Ժամեր շարունակված քննարկման ընթացքում պատգամավորները նաև դիմեցին կողմերին՝ փաստելով, որ այս առճակատումից բոլորն են կորցնում։ «Շահում են միայն ռազմական փորձագետները, որոնք ուշադրությամբ հետևում են մարտերին, որտեղ հիմա ամենաժամանակակից զինատեսակներն են կիրառվում առաջին անգամ», - հայտարարեց ֆրանսիացի Սիլիա Բրանետը։
«Բռնությունը ուժի նշան չէ, փոխզիջումներն ու խաղաղությունն ավելի մեծ քաղաքական կամք են պահանջում», - փաստեց էստոնացի Ուրմաս Պաետը։
Ընդհանուր առմամբ ելույթ ունեցավ 65 պատգամավոր, որոնցից միայն երկուսը աջակցություն հայտնեցին Ադրբեջանին:
Այս հարցում Եվրոպական խորհրդարանի միասնականությունն անգամ արտգործնախարար Բորելն արձանագրեց․ - «Ձեր ուղերձը հստակ է, և բարձրաձայնվեց 65 անգամ` տարբեր ձայներով: Հաջորդ երկուշաբթի ես այդ ուղերձը կփոխանցեմ անդամ երկրների արտգործնախարարներին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ, որտեղ մենք կրկին կանդրադառնանք ստեղծված իրավիճակին։ Եվ մենք կտեսնենք, թե ինչ կարող ենք անել: Սակայն Եվրոպական խորհուրդը կարող է անել միայն այն, ինչի մանդատն ունի: Եվրամիությունը կարող է աջակցել Մինսկի խմբի ջանքերին և ճնշել, որպեսզի Թուրքիան դադարեցնի միջամտությունը։ Բայց եթե դուք քայլեր ձեռնարկելու տակ հասկանում եք ռազմական միջամտություն, դա իսպառ բացառվում է»։