Մի քանի ժամ տևած համեմատաբար հանգիստ սահմանային իրավիճակը լարվեց կեսօրից հետո

Մի քանի ժամ տևած համեմատաբար հանգիստ սահմանային իրավիճակը լարվեց կեսօրից հետո։

Մինչ այդ հայկական կողմը հայտնել էր, որ համեմատաբար հանգիստ գիշերվանից հետո իրավիճակը շարունակում էր կայուն լարված մնալ։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայկական կողմի որոշակի դիրքային հաջողության մասին էր հայտնել։

Ավելի ուշ Արցախի Պաշտպանության բանակը հաղորդեց, որ կեսօրին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ՝ օգտագործելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկիա՝ ներառյալ տանկեր և հրետանի։

Իր հերթին, Բաքուն հաղորդեց, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է շարունակել հակահարձակումը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Զաքիր Հասանովը նաև սպառնացել է՝ եթե հայ զինվորականները գործի դնեն «Իսկանդեր» համակարգեր, Ադրբեջանը կձեռնարկի «համարժեք, պատասխան քայլեր»։

Մինչ այդ, Հայաստանի Պաշպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր, որ ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե իբր հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը՝ հերքելով դա։ Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտատարել էր՝ ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն։ Ադրբեջանը երեկ պնդում էր, թե հայկական կողմը հրատակոծել է Բարդան, Գյանջան, Բեյլագան և մի քանի այլ բնակավայրեր։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր վստահեցրեց, որ Պաշտպանության բանակը խաղաղ բնակչությանը չի թիրախավորում։ Հրթիռային հարվածները հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված Ադրբեջանի ռազմական օբյեկտներին, թե մասնավորապես ինչ ռազմական օբյեկտների մասին է խոսքը, Պողոսյանը չի նշել։

«Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են», - ասված է Արցախի նախագահի գրառման մեջ։

Հայկական կողմը այսօր կեսօրից հետո կրկին հաղորդեց, որ Ադրբեջանը շարունակում է հրթիռակոծել Ստեփանակերտը։ Արցախի մայրաքաղաքի ու այլ քաղաքների՝ Ադրբեջանի թիրախավորման հետևանքով շատ դեպքերում շտապ օգնության մեքենաները չեն կարողանում օգնություն հասցնել դրա կարիքն ունեցողներին, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել էր Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նաև տեղեկացրել էր, որ Արցախում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողերի մեծ մասի վիճակը միջին և թեթև ծանրության է․ - «Ծանր և ծայրահեղ [ծանր] վիրավորներ էլ իհարկե ունենք, որոնք կազմելով միգուցե ավելի փոքր տոկոս ընդհանուր վիրավորների թվի մեջ, իհարկե սակայն պահանջում են առավել ուշադրություն, և հենց նրանց է ուղղված բժշկական հաստատությունների և անձնակազմի ամենամեծ ուշադրությունը, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա, և նրանք փրկվեն»։

Թորոսյանը հայտնել է նաև, որ շուտով թեժ գիծ կգործի, որով քաղաքացիները կարող են տեղեկանալ վիրավորում ստացած իրենց հարազատների առողջական վիճակի վերաբերյալ։

Արդեն տասը օր շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը 240 զոհ ունի զինվորների, ևս 21-ը՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Ադրբեջանը շարունակում է լռել իր ռազմական կորուստների մասին, միայն հաղորդել է, որ 27 խաղաղ բնակիչ է սպանվել։