Մատչելիության հղումներ

Թուրքիան համաձայն չէ անհապաղ հրադադարի մասին կոչերին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Բաքվում, 6-ը հոկտեմբերի, 2020թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Բաքվում, 6-ը հոկտեմբերի, 2020թ.

Թուրքիան կտրականապես համաձայն չէ Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի հաստատման մասին կոչերի հետ։ Այս մասին այսօր Բաքվում հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների արտգործնախարարների կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին համատեղ կոչից մոտ 12 ժամ անց։

«Մենք լսում ենք անհապաղ հրադադարի մասին ողջ աշխարհից հնչող կոչերը։ Իսկ հետո՞։ Մինչև հիմա էլ հրադադար էր, բայց ի՞նչ տեղի ունեցավ։ Մի խոսքով, հրադադար կարող է լինել, բայց ո՞րն է լինելու այդ հրադադարի արդյունքը։ Կարո՞ղ եք դուք Հայաստանին ասել, որ այն անհապաղ կերպով դուրս բերի զորքերը ադրբեջանական տարածքներից։ Կարո՞ղ եք գոնե զորքերի դուրսբերման հետ կապված ինչ-որ լուծում գտնել։ Ոչ», - հայտարարել է Չավուշօղլուն իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում։

Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բայրամովը իր հերթին ասել է, թե ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններն իրենց իմաստը կորցրեցին երկու տարի առաջ՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

«1994-ից 2018 թվականները այդ բանակցությունները ընթանում էին։ Սակայն 2018-ին իշխանության եկած ուժերը արեցին ամեն ինչ, որ այդ բանակցությունները իմաստազրկվեն», - նշել է Բայրամովը։

Իր ժամանումը Բաքու թուրքական ԱԳՆ ղեկավարը այսօր բացատրում էր Ադրբեջանին աջակցություն հայտնելու ցանկությամբ։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն կրկին հիշեց «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևի մասին։

«Մենք այստեղ ենք, որպեսզի ողջ աշխարհին ի ցույց դնենք Թուրքիայի և թուրք ժողովրդի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը։ Թուրքիան և թուրք ժողովուրդը պատրաստ են ցանկացած պահի ցանկացած աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ ցանկացած ոլորտում», - ընդգծել է Չավուշօղլուն՝ դիմելով Իլհամ Ալիևին։

Ինչպես և Թուրքիայի արտգործնախարարը, Ադրբեջանի ղեկավարը ևս առանձնապես չէր թաքցնում, որ այսօրվա հանդիպման գլխավոր նպատակներից մեկը արտաքին աշխարհին Անկարայի և Բաքվի սերտ կապերը ցուցադրելն է։

«Իմ թանկագին եղբոր՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումները, նրա հստակորեն արված հայտարարությունները ողջ աշխարհին ցույց տվեցին, որ Ադրբեջանը միայնակ չէ։ Գլոբալ մի ուժ, եղբայրական Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Այդ աջակցությունն է, որ մեզ ուժ է հաղորդում։ Այդ աջակցությունը նաև կարևոր է տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից», - հայտարարել է Ալիևը։

XS
SM
MD
LG