ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածքի հրթիռակոծություն կամ հրետակոծություն չի իրականացվել․ Դավիթ Տոնոյան

Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների իրագործում չի իրականացվել դեռևս, հայտարարում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` արձագանքելով Ադրբեջանի իր պաշտոնակցին, թե Հայաստանի տարածքից իրականացվել են ադրբեջանական բնակավայրերի հրթիռակոծումներ:

«Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր են, մեր Պաշտպանական բանակի, Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու», - ավելացրել Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հայտարարությանը, որ Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին, Տոնոյանը շեշտում է. - «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր խորը զինվորական գիտելիքներով երևի թե խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է ՀՀ-ն, մասնավորապես արդեն իսկ Վարդենիսի շրջանի բնավակայրերը հրետակոծվել են` օգտագործելով ծանր հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Եվ եթե դա իր համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները դրա եզրակացություններն անեն»: