Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր Պաշտպանության բանակը ադրբեջանական Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված, հայտարարել է ինքը` Հարությունյանը:
«Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:
Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:
Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում: Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ», - նշել է նա իր հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ավելի վաղ նա հայտնել էր, որ ադրբեջանական բանակը, օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը: Միևնույն ժամանակ Արայիկ Հարությունյանը զգուշացրել էր, որ Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:
Սրան հետևել էր նրա խոսնակի հայտարարությունը. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»: