Արայիկ Հարությունյան. ՊԲ-ն բարելավել է դիրքերը և հող պատրաստել առաջխաղացման համար

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակը բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար, կեսգիշերն անց Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը երեկ մեկնել էր առաջնագիծ` մասնացելու ռազմական գործողություններին։

«Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին… Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին», - գրել է նա:

Հարությունյանը տեղեկացրել է, որ ռազմական գործողություններին մասնակցելուն զուգահեռ ինքն իրականացնում է Արցախի օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով:

Ավելի վաղ էլ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էր ռազմաճակատում տեղի ունեցած իրավիճակը ներկայացրել։ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ երեկ օրվա ընթացքում շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հատկապես հարավում։ Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանական կողմը 440-ից 450 զինծառայողի և ահաբեկչի կորուստ է ունեցել, 800-ից 900-ն էլ վիրավոր ունի։ Ըստ Պաշպանության նախարարության ներկայացուցչի` Ադրբեջանը նաև սպառազինության զգալի կորուստներ է ունեցել. - «Մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա: Այսօր մեր զորքերին հաջողվել է նաև մարտի մեջ չմտած` ելքի ընթացքում կամ այլ պրոցեսի ընթացքում գտնվող շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել հեռահար կրակով: Սա աննախադեպ հաջողություն պիտի համարենք: Այսօր հնարավոր է եղել խոցել 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ ԱԹՍ-ների խոցումը կազմում է 113 միավոր, հակառակորդի ԱԹՍ-ների մասին է խոսքը: Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը արդեն կազմում է 250 միավոր, միայն այսօր խոցվել է 3 Սմերչ կայան, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ»:

Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն անդրադարձավ նաև Մատաղիսի հատվածում դիրքային հաջողություն ունենալու վերաբերյալ Ադրբեջանի կողմից շրջանառվող լուրերին. - «Մարտավարական բնագծեր չեմ կարող ներկայացնել: Ես ասում եմ, որ իրավիճակը բավական ծանր էր հյուսիսում, բավական ծանր էր հարավում, կոնկրետ ով որ պահին որ կողմը, որ դիրքի վրա է գտնվում, ես չեմ կարծում, թե դա այդքան կարևոր իրողություն է»:

Հովհանննիսյանը մեկնաբանեց նաև այն տեղեկությունները, որոնց համաձայն հայկական դիվերսիոն խումբը պայթեցրել է Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության LORA հրթիռային համակարգ, որով թիրախավորվում էր քաղաքացիական բնակչությունը. - «Լավ կմեկնաբանեմ, ժամանակին հերոսությունների մասին կպատմենք»:

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը. երեկ ուշ երեկոյան, ինչպես նաև այսօր առավոտյան կրկին հրետակոծվել է Ստեփանակերտը։ Թե ինչ վնաս է կրել քաղաքը, դեռ պաշտոնապես չի հայտարարվում։ Միայն ասվում է՝ երեկվա հրետակոծությունը հրդեհի բռնկման պատճառ է դարձել։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ առավոտյան տեղեկացրել է, որ Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից։