Մատչելիության հղումներ

Որևէ դիրքի մասով մարտավարական բնագծեր չեմ կարող ներկայացնել. Հովհաննիսյանը` Մատաղիսի մասին


Այսօր շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հարավում, հատկապես հարավում, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բուն, անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ, դրանք բավականին ծանր ու դժվար մարտեր են, և հասկանալի է, որ այս ամեն ինչը հեշտությամբ չի տրվում մեր զորքերին: Այս ընթացքում հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, միայն անցնող օրվա ընթացքում մոտավորապես 440-450 զինծառայող կամ նաև ոչ զինծառայող, հասկանալի է` ում նկատի ունեմ` ահաբեկիչներին:

Մոտավորապես 800-900 վիրավոր է տվել, հաջողվել է խոցել միայն այսօր մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա: Այսօր մեր զորքերին հաջողվել է նաև մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել հեռահար կրակով: Սա աննախադեպ հաջողություն պիտի համարենք: Այսօր հնարավոր է եղել խոցել 10 ԱԹՍ, 113 միավոր` ընդհանուր առմամբ: Զրահատեխնիկայի կորուստը արդեն կազմում է 250 միավոր, միայն այսօր խոցվել է 3 Սմերչ, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ», - ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Մատաղիսի իրավիճակին, նա նշեց. - «Ես առանձնահատուկ որևէ դիրքի, որևէ ուղղության մասով մարտավարական բնագծեր չեմ կարող ներկայացնել: Ես ասում եմ, որ իրավիճակը բավական ծանր էր հյուսիսում, բավական ծանր էր հարավում, կոնկրետ ով որ պահին որ կողմը, որ դիրքի վրա է գտնվում, ես չեմ կարծում, թե դա այդքան կարևոր իրողություն է: Մենք բազմիցս նշել ենք` դիրքերի մասին և բնագծերի մասին առանձնահատուկ չնշել: Ծանր, համառ մարտեր են գնում, դիրքային փոփոխությունները հաճախ են լինում` առաջ, հետ, աջ, ձախ, հետևաբար եկեք առանձնահատուկ չֆիքսվենք դրա վրա»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր բանակը հսկողություն է սահմանել Մատաղիս գյուղի վրա:

«Ես Մատաղիսի մասին իրավիճակը պատմեցի, ինչ վերաբերում է Ալիևի պնդումներին, հիշեցի հայտնի անեկդոտը` ով ինչ ուզենա կասի, դուք էլ ասեք, որ ինչ ուզեք, արել եք, ինչքան ուզել, արել եք», - հավալեց Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս նաև նշեց` հայ-ադրբեջանական սահմանին հետևում են, տեսնում են, որ Ադրբեջանը հետախուզական գործողություններ կատարում է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեփական ռազմական կորուստների մասին տվյալներ չի հայտնում, միայն հաղորդում է, որ մոտ 2 տասնյակ կորուստներ ունի քաղաքացիական բնակչության շրջանում: Հայկական կողմը քաղաքացիական 14 զոհի մասին է հայտնել:

XS
SM
MD
LG