Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ տուժել է Արտակարգ իրավիճակների ծառայության շենքը

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը (ա) լրագրողների հետ հանդիպմանը։

Կեսօրից հետո հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնեց, որ զոհեր չկան, 10 վիրավոր կա Արցախի փրկարար ծառայությունում:

Մասնակի ավերվել է ծառայության շենքը` պատեր են քանդվել, ապակիներ փշրվել: Կայանատեղիում մեքենաներ են վնասվել:

Ստեփանակերտում աշխատող «Ազատության» թղթակից Սարգիս Հարությունյանը եղել է ռմբակոծության վայրում. - «Հարձակման է ենթարկվել է, ռմբահարվել է Արցախի Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը»:

Նախարարության ներկայացուցիչն ասաց. – «Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, ինչպես Կարմիր խաչը, ինչպես շտապօգնությունը, հումանիտար օբյեկտ է: Այսինքն` նրանք թիրախավորում են ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլ նաև հումանիտար կազմակերպությունները: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը ոչ մի տարբերություն չի դնում: Այս պահի դրությամբ վիրավորները չորսն են: Զոհեր չունենք, փառք Աստծու»:

Ստեփանակերտից հնչեց առաջին արձագանքը: «Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը», - Ֆեյսբուքում գրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ազատության» հետ զրույցում Պողոսյանն ասաց. – «Պաշտոնական Ստեփանակերտը չի լռելու: Հորդորում ենք վերջին անգամ երևի, կամ ևս մեկ անգամ, որպեսզի միջազգային հանրությունը կոնկրետ գործողությունների անցնի, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի դադարեցնի այն սադրիչ գործողությունները, որ իրականացնում է Արցախի ժողովրդի նկատմամբ: Նման երկրները սովորաբար հայտնվում են սանկցիաների տակ: Իսկ մենք այդ սանկցիաները չենք տեսնում, բացի այսպես ասած հերթապահ հայտարարություններից»:

Երեկոյան մոտ հայտնի դարձավ, որ հայաստանցի և արտասահմանցի լրագրողներն այսօր էլ Մարտակերտում են հայտնվել կրակի տակ: Արցախի նախագահի մամուլի խոսնակը փոխանցեց, որ հարվածել է հրետանին, զոհեր և վիրավորներ չկան:

Հիշեցնեմ, երեկ Մարտունիում վիրավորվել էին ֆրանսիական «Լե Մոնդի» և հայաստանցի լրագրողներ:

Խմբում եղած «Ֆակտոր Թի-Վի»-ի լրագրող Ռոբերտ Անանյանի հետ կապ հաստատեցինք. – «Մենք մի խումբ լրագրողներով` «Ֆակտոր Թի-Վի»-ի, «Շանթ»-ի, «Ռիա Նովոստի»-ի, ռուսական Առաջին ալիքի, ինչպես նաև ՏԱՍՍ-ի ներկայացուցիչների հետ այսօր նկարահանման էինք մեկնել Մարտակերտ քաղաք: Մեքենայով վերադառնում էինք Ստեփանակերտ: Մարտակերտից նոր էինք դուրս եկել, հասկացանք, որ մեր ուղղությամբ կրակահերթ է, մեքենայի ներսը ամբողջությամբ ծխապատ էր: Մեքենայի վրա կան բեկորային վնասվածքներ, ապակին է ջարդվել: Մենք հասցրինք պատսպարվել ապաստարանում: Այն ժամանակ, երբ հարաբերական իրավիճակը թեթևացավ, մեր ընթացքը շարունակեցինք: Բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կրում էին Press գրությամբ թե հանդերձանք և մեքենան էր ամբողջությամբ Press գրությամբ: Ադրբեջան պետության համար հավանաբար տեսանելի է եղել, որ դա փաստորեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ են»:

Առավոտից պաշտոնապես հաղորդվում է ադրբեջանական նոր հարձակումների մասին։ Արծրուն Հովհաննիսյանը կեսօրին մոտ տեղեկացրել էր, որ Հադրութի ուղղությամբ երկու անգամ հարվածել են «Սմերչով», 5 քաղաքացի վիրավոր են։

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ` հայկական ՀՕՊ ուժերը առավոտից հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով խոցել են երկու ինքնաթիռ, երեք ԱԹՍ:

Ավելի ուշ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հաղորդեցին, որ ժամը 4-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի ճշգրիտ հարվածներով խոցվել է հակառակորդի 5 ինքնաթիռ և 3 ուղղաթիռ:

Երևանից նաև պնդեցին, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՒՍ որևէ հրթիռ չի արձակվել:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը «կեղծիք» որակեց Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե իբր Հայաստանի տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը. – «Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել: Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով»:

6-րդ օրը շարունակվող մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը արդեն 150 զոհ ունի։ 97-ի անունները ավելի վաղ էին հրապարակվել: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը զինվորականների շրջանում 54 նոր զոհերի մասին այսօր առավոտյան հաղորդեց, պաշտոնապես 53-ի անունները հրապարակվեցին։ Վիրավորների թիվը ճշտվում է, Սարգսյանն ասաց՝ շատ են։ Քաղաքացիական բնակչության շրջանում Հայաստանն ու Արցախը պաշտոնապես հայտարարել են 13 զոհերի, մի քանի տասնյակ վիրավորների մասին։

Արթուր Սարգսյան. – «Թշնամու սահմանագոտում գտնվող զոհերի, վիրավորների թիվը ես այս պահին չեմ կարող հայտարարել, քանի որ ճշտման կարիք ունի, ակտիվ փուլը ընթանում է, հրադադար չկա, որպեսզի մենք կարողանան էդ ամեն ինչը հասկանանք: Փոխանակման հետ կապված առաջնահերթ պետք ա, որ լինի գոնե ժամանակավոր հրադադար»:

«Այս պահին հրադադարի միտում չկա», - Ստեփանակերտում առավոտյան հայտարարեց լրագրողների հետ հանդիպած Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալը։ Հակառակորդը անընդհատ հարձակվում է, նպատակը հայկական կողմի պաշտպանությունը հյուսիսային ու հարավային ուղղությամբ ճեղքելն է։

Ադրբեջանցիները մահացած զինվորականների թիվ չեն հրապարակում: Հայկական կողմը պնդում է, որ ադրբեջանցիները այսօր առավոտյան 8-ի տվյալներով 1750 զոհ ունեն։

Երեկվա մարտերը ամփոփելիս Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալը ասաց, որ ձախողվել են հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը։

Արթուր Սարգսյանը թե' երեկվա մարտական գործողությունների դինամիկան, թե' կիրառված սպառազինությունը աննախադեպ որակեց, հատկապես հյուսիսային ու հարավային ուղղություններով. – «Հակառակորդի կորուստները կազմել են. 39 զրահատեխնիկա, 4 ՍՈւ-25 ինքնաթիռ, 3 ՄԻ-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ: Անձնակազմի կորուստը շուրջ 830-ի կարգի է: Ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն»:

Ստեփանակերտից հնչած ևս մեկ հայտարարություն։ Հայկական կողմը պնդում է, որ հայերի դեմ բախումներին Թուրքիայից Ադրբեջան բերված սիրիացի զինյալներ են մասնակցում: ՊԲ հրամանատարի տեղակալը այսօր հայտարարեց՝ բացահայտել են, որ ռազմական գործողությունների ընթացքում հրամանները նաև արաբերեն են արձակվում․ - «Երեկ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան, որի վերծանման և մեր կողմից օգտագործման արդյունքում մենք կարողացել ենք ֆիքսել, որ նշված ուղղություններում գրոհող ստորաբաժանումները ղեկավարվում են արաբերեն լեզվով: Մնացած արդեն վերլուծությունը թողնում եմ ձեզ»: