Մոսկվան հնարավորն անելու է պատերազմը կանգնեցնելու համար, վստահ է ռուսաստանցի փորձագետը

Արցախի ՊԲ զորավարժությունններ, արխիվ

Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում այսօր վաղ առավոտյան սկսված ռազմական բախումների խնդիրը:

«Ռուսական կողմը խորն անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ կարևոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն առճակատման հետագա սրացումը կանխելու համար: Ամենակարևորն է՝ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման, ինչպես նաև զոհերի և վիրավորների մասին ստացվող տեղեկատվության կապակցությամբ և ընդգծել անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը:

Այսօր Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարարների հետ:

Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ շարունակել իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերը:

Հիշեցնենք, հուլիսին Տավուշի սահմանագոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ պաշտոնական Մոսկվան ամենաբարձր մակարդակով հորդորել էր Անկարային չսրել իրավիճակը տարածաշրջանում և չձեռնարկել հակամարտության սրացմանն ուղղված գործողություններ:

Ադրբեջանական լայնածավալ հարձակմանը, որի հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում, արձագանքել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): «Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ քարտուղարությանը շփման գծում իրավիճակի սրացման առնչությամբ», - ՏԱՍՍ-ին ասել կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնեդինովը: Նա միաժամանակ ընդգծել է, որ այս հարցում ՀԱՊԿ դիրքորոշումը մնում է անփոփոխ. - «Մենք մշտապես հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»:

Ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Մոսկվան հնարավորը կանի, որպեսզի լայնածավալ ռազմական գործողությունները չդառնան տարածաշրջանային, քանի որ եթե Թուրքիան Նախիջևանից, օրինակ, փորձի մասնակցել այդ ռազմական գործողություններին, Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել, պաշտպանել հայկական կողմին: Այլ հարց է, որ Մոսկվան ի զորու չէ այսօր կանգնեցնել ռազմական գործողությունները: Ճնշման նման մեխանիզմներ Մոսկվան այսօր չունի, ասում է ռուսաստանցի փորձագետը՝ հավելելով. - «Այսօրվա ռազմական գործողությունները նման չեն ոչ 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ոչ էլ հուլիսյան բախումներին: Սա մեծ պատերազմ է, և այսօր հնարավոր չէ ասել, թե որքան այն կտևի»:

Ֆելգենգաուերի կարծիքով՝ կողմերի ռազմական ներուժը մոտավորապես հավասար է, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ սպառազինություն է գնել, հատկապես՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետ և թիրախային գործել:

«Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմն ուզում է ոչնչացնել հայկական կողմի հակաօդային պաշտպանության համակարգը: Առաջիկա օրերը ցույց կտան, թե ինչքանով դա նրանց կհաջողվի», - ասաց փորձագետը:

Ֆելգենգաուերն ընդգծում է՝ պատերազմական գործողություններն այնքան լայնածավալ են, որ հնարավոր չէ ասել, թե դրանք ինչպես կզարգանան: Ամեն դեպքում, նա համոզված է, որ Մոսկվան հնարավոր ամեն ինչ անելու է պատերազմը կանգնեցնելու համար, քանի որ չի ուզում կանգնել հակառակորդներից և ոչ մեկի կողքին:

Բացի այդ, ըստ ռազմական փորձագետի, «սոսկ ռազմական տեսանկյունից թուրքական բանակը տարածաշրջանում ավելի ուժեղ է, քան ռուսականը»: «Մոսկվան նույնիսկ չի կարողանա Վրաստանի տարածքով անհրաժեշտության դեպքում սպառազինություն տեղափոխել՝ վրացական կողմը թույլ չի տա», - հավելեց Ֆելգենգաուերը:

Փորձագետը նաև նկատում է՝ այն, որ Ադրբեջանը հարձակում էր սկսելու, ակնհայտ էր, փորձագետների համար սա անակնկալ չէ, այլ հարց է, որ քաղաքական առումով սրա համար Ադրբեջանին ոչ ոք չի պատժելու, և միջնորդների հայտարարություններն էլ շարունակելու են լինել չեզոք: