Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքիան շարունակելու է սատարել ադրբեջանցի եղբայրներին»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արցախյան շփման գծի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

«Հայաստանը Ադրբեջանին ուղղված հերթական հարձակմամբ կրկին ցույց տվեց, որ տարածաշրջանային խաղաղության և հանգստության համար ամենամեծ սպառնալիքն է հանդիսանում: Թուրք ազգը ինչպես միշտ ադրբեջանցի ժողովրդի կողքին է իր ողջ կարողությամբ», - նշել է Էրդողանը:

Նա միջազգային հանրությանը մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու և «Հայաստանի հարձակվողականությանը» անհրաժեշտ ու բավարար կերպով չարձագանքելու մեջ:

Էրդողանը նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակ համանախագահությանը «30 տարի անարդյունավետ աշխատանք տանելու և խնդրի հանգուցալուծումից հեռու լինելու» համար:

Թուրքիայի նախագահը հայ ժողովրդին հորդորել է «տեր կանգնել իրենց ապագային՝ ընդդեմ իրենց կործանման տանող ղեկավարության և նրանց որպես խամաճիկ օգտագործող ուժերի», միևնույն ժամանակ համաշխարհային հանրությանը կոչ է արել կանգնել Ադրբեջանի կողքին:

Էրդողանը հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան հաղորդել, որ «Թուրքիան շարունակելու է սատարել ադրբեջանցի եղբայրներին՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

XS
SM
MD
LG