Միացյալ Նահանգները, Կանադան և Մեծ Բրիանիան պատժամիջոցներ են պատրաստում Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ վերջին նախագահական ընտրությունները կեղծելու և ընդդիմության դեմ բռնաճնշումներ գործադրելու համար, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին: Ըստ հաղորդագրության, երեք գերտերությունների համատեղ որոշումը կարող է հրապարակվել արդեն վաղը:
Մինչ այդ արևմտյան մի խումբ պետություններ հայտարարել են, թե չեն ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ:
«Երեկվա, այսպես կոչված, երդմնակալությունը և կառավարման նոր մանդատը, որին հավակնում է Լուկաշենկոն, զուրկ են որևէ լեգիտիմությունից», - այսօր պնդել են Եվրամիությանի անդամ 27 պետությունները` հավելելով. - «Երեկվա արարողությունը ուղղակիորեն հակասում է Բելառուսի բնակչության մեծ մասի կամքին, որն արտահայտվել է ընտրություններից հետո անցկացված բազմաթիվ աննախադեպ և խաղաղ ցույցերի միջոցով»։
Ամերիկյան պետդեպարտամենտը ևս երեկ հայտարարել է, թե չի կարող դիտարկել Լուկաշենկոյին որպես ժողովրդավար ճանապարհով ընտրված առաջնորդ, և ընդգծել, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը ներազգային երկխոսությունն է հանուն նոր` ազատ ու արդար ընտրությունների անցկացման:
Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանյեն ոչ միայն քվեարկության անցկացումն է քննադատել, այլև ընդգծել է. - «Լուկաշենկոն արհամարհում է մարդու հիմնարար իրավունքներն ու ժողովրդավարական սկզբունքները»:
«Աշխարհը սարսափով էր հետևում, թե ինչպես է Բելառուսի գործող վարչակազմն արձագանքում խաղաղ ցույցերին ու հավաքներին», - պնդել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:
Ավելի քան վեց շաբաթ չդադարող այդ ցույցերը նոր թափ ստացան երեկ, երբ, ըստ պաշտոնական հավաստիացումների, ժողովրդի ավելի քան ութսուն տոկոսի աջակցությունն ունեցող Լուկաշենկոն գաղտագողի ստանձնեց նախագահի պարտականությունները: Հարկատուների հաշվին, բայց նրանցից ծածուկ, միայն պաշտոնյաների և ուժայինների մասնակցությամբ կազմակերպված այդ երդմնակալությունից հետո փողոց դուրս եկան հազարավոր մարդիկ, ինչին ուժայիններն արձագանքեցին ավանդական դարձած բիրտ մեթոդներով:
Երեկոյան իրավապաշտպաններն ահազանգեցին, որ կան հարյուրավոր ձերբակալվածներ, Մինսկի փողոցներում լսվում են կրակոցներ ու պայթյուններ: Ոստիկանական հատուկ միջոցներից ու մահակներից արյունլվա ցուցարարները պատմում էին, որ հարձակվողներից շատերը եղել են քաղաքացիական հագուստով:
«Ես շրջվեցի, տեսա մեկը կանգնած էր մոտ մեկ մետր հեռավորության վրա, անմիջապես հաևձակվեց վրաս ու մահակով հարվածեց գլխիս, հետո արդեն չեմ հիշում», - պատմեց ցույցի մասնակիցներից մեկը:
Առավոտյան Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հաստատեց. անցած մեկ օրում 364 մարդ է ձերբակալվել, մեծ մասը`երիտասարդներ: Դատախազությունն էլ զգուշացրեց, որ այսուհետ նոր, հավելյալ միջոցառումներ է իրականացնելու «երկրում կարգուկանոն հաստատելու համար»: Թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, և կամ ձերբակալություններից, արցուքնաբեր գազից, ջրցան մեքնենարից ու մահակներից բացի, էլ ինչ միջոցներ կարող են գործի դրվել, իրավապահները չեն մանրամասնում: Հստակ է, որ այդ սպառնալիքները ցուցարարներին առանձնապես չեն վախեցնում:
«Դա, միևնույնն է, մեզ չի կանգնեցնում», - երեկ կրկին հայտարարել է վերջին ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան` ընդգծելով, որ Արևմուտքը կանգնած է իրենց կողքին. - «Եվրոպայի երկրները աջակցում են Բելառուսի ժողովրդին`բռնությունները դադարեցնելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու և ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում: Նրանք պատրաստ են իրական օգնություն ցուցաբերել, կան լուրջ ներդրումային փաթեթեներ, որոնք նախատեսված են Բելառուսի համար: Եվ միասին մենք կհաղթենք»:
Լուկաշենկոն, արձագանքելով քննադատություններին, այսօր հորդորել է Արևմուտքին չմիջամտել Բելառուսի ներքին քաղաքականությանը: Ընդ որում, նա այս մասին հարկ է համարել խոսել ավտորիտար կառավարմամբ հայտնի մեկ այլ երկրի`Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ:
«Արևմուքտից սրտնեղում են, թե տեղյակ չեն եղել երդմնակալությունից: Մենք, ըստ Բելառուսի օրենսդրության, նրանցից որևէ մեկին տեղեկացնելու պարտավորություն չունենք», - ասել է նա:
Ընդդիմախոսները հակադարձում են` պնդելով, որ երեկվա երդմնակալությունն անցկացվել է օրենքի բազմաթիվ խախտումներով, ինչպես և բուն նախագահական ընտրությունը: Անկախ պատմության մեջ առաջին անգամ արարողությունը չի հեռարձակվել պետական հեռուստատեսությամբ` չնայած օրենքի պահանջին: Միջոցառմանը չեն հրավիրվել արտասահմանցի պատվիրակներ և լրագրողներ: Իսկ ավտոբուսներով նախագահական նստավայր տեղափոխված պաշտոնյաները միայն տեղում են միջոցառման բուն նպատակի մասին իմացել:
«Այն, ինչ տեղի ունեցավ Անկախության պալատում, ավելի շատ գողական սխոդկա էր հիշեցնում», - հայտարարել է ընդդիմության համակարգող խորհրդի անդամ, մի քանի շաբաթ առաջ Բելառուսից վտարված Պավել Լատուշկոն` կոչ անելով բելառուսցիներին անհնազանդության անժամկետ ակցիաներ սկսել: