Մատչելիության հղումներ

«Ծածուկ երդմնակալություն»․ Լուկաշենկոն վեցերորդ անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը


«Ծածուկ պաշտոնամուտ», - բելառուսական անկախ մամուլը այսպես է բնութագրում Ալեքսանդր Լուկաշենկոյի` այսօր Մինսկում, առանց որևէ նախնական ազդարարման կայացած երդմնակալության արարողությունը։

Այն, որ 1994 թվականից Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն հենց այսօր է պատրաստվում վեցերորդ անգամ անընդմեջ ստանձնել նախագահի լիազորությունները, պարզ դարձավ միայն արարողության մեկնարկից հաշված րոպեներ առաջ՝ երբ ոստիկանությունն անսպասելիորեն արգելափակեց Մինսկի բոլոր կենտրոնական փողոցները, իսկ Լուկաշենկոյին տեղափոխող շարասյունը մոտոցիկլետների ուղեկցությամբ մի քանի րոպեի ընթացքում այդ փակ փողոցներով նախագահի կեցավայրից հասավ պետության ղեկավարի նստավայր՝ «Անկախության պալատ»։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Լուկաշենկոյի երդմնակալության արարողության մասին նախապես տեղեկացված չեն եղել անգամ կառավարության անդամները։ Երդմնակալությանը մասնակցած բոլոր 700 հյուրերին՝ հիմնականում պատգամավորների, տարբեր մակարդակի չինովնիկների և ուժայինների, «Անկախության պալատ» էին բերել ավտոբուսներով։

Ավելին, երկրի պետական հեռուստատեսությունը, հակառակ «Բելառուսի նախագահի մասին» օրենքում ամրագրված հստակ պահանջին, Լուկաշենկոյի երդմնակալությունը այսօր չի հեռարձակել։ Այն պահին, երբ երկրի ղեկավարը ընթերցում էր երդման տեքստը, Բելառուսի պետական հեռուստատեսության առաջին ալիքը Ռուսաստանում նկարահանված հերթական սերիալն էր ցուցադրում։

Ինքը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, նախագահական երդման տեքստը բելառուսերենով է ընթերցել, որից հետո, արդեն ռուսերեն հնչեցրած ճառում, մեկ անգամ ևս հայտարարել է, որ առանց որևէ խախտումների է հաղթել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում։

«Նախագահի պաշտոնամուտի օրը, երդմնակալության օրը, մեր բոլորի հաղթանակի օրն է։ Դա ճակատագրական և համոզիչ հաղթանակ էր։ Մենք պարզապես երկրի նախագահ չէինք ընտրում, մենք պաշտպանում էինք մեր արժեքները, մեր խաղաղ կյանքը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը», - հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսական ընդդիմությունը Լուկաշենկոյի գաղտագողի երդմնակալությանն արձագանքեց դրա ավարտից հաշված րոպեներ անց։ Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ, մի քանի շաբաթ առաջ Բելառուսից վտարված Պավել Լատուշկոն կոչ է անում երկրի բնակիչներին անժամկետ բողոքի գործողություններ սկսել։

«Հեռացող նախագահը, որը պնդում է, թե ստացել է ընտրողների ավելի քան 80 տոկոսի քվեն, այսօր ինքնաերդմնակալության հատուկ գործողություն իրականացրեց։ Այն, ինչ տեղի ունեցավ «Անկախության պալատում», ավելի շատ գողական սխոդկա էր հիշեցնում, որի նպատակը նոր օրենքով գողի թագադրումն էր», - նշել է Լատուշկոն։

Բայց մինչև ընդդիմության այս կոչը, Լուկաշենկոյի երդմնակալության մասին տեղեկությունների ի հայտ գալուն զուգահեռ Մինսկի բնակիչները սկսեցին փողոց դուրս գալ։ Առաջինը Լուկաշենկոյի նստավայրի դիմացի մայթին հայտնվեց մի տղամարդ՝ «Սաշա, վերցրու աշխատանքային գրքույկդ և գնա» կարգախոսը ձեռքին։ Ոստիկանները, սակայն, ցուցարարին բերման ենթարկեցին հաշված վայրկյանների ընթացքում։ Ընդդիմադիրների կոչից հետո արդեն բողոքի ակցիաները տեղափոխվեցին Մինսկի բուհեր։ Արվեստի և մշակույթի համալսարանի ուսանողներն, օրինակ, ակցիան կազմակերպել էին հենց բուհի բակում՝ վանկարկելով՝ «Սաշա, արի մեզ մոտ, մենք քեզ շնորհավորելու ենք»։

XS
SM
MD
LG