Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքողներին Մինսկում ցրել են բիրտ ուժի և ջրցան մեքենաների միջոցով: Այնուամենայնիվ, հարյուրավոր մարդիկ չէին լքում մայրաքաղաքի կենտրոնը:
Մինսկում դեռ երեկ առավոտից ինքնաբուխ ցույցերի մասնակիցներին բերման էին ենթարկում: Երեկոյան, երբ մոտ 5 հազար մարդ էր հավաքվել, անվտանգության ուժերը սկսել են գործել ծայրաստիճան կոշտ՝ գործի են դրվել ջրցան մեքենաները՝ ջրի փոխարեն ինչ-որ նարնջագույն հեղուկով, նաև մահակներ և էլեկտրաշոկերներ: Կան վիրավորներ: Անվտանգության ուժերի աշխատակիցները, այդ թվում նաև՝ քաղաքացիական հագուստով, հարվածում էին մեքենաներին, որոնց վարորդները ձայնային ազդանշաններով իրենց համերաշխությունն էին հայտնում ցուցարարներին: Ականատեսները նաև կրակոցներ են լսել:
Առնվազն 160 մարդ բերման է ենթարկվել:
Օրվա հերոսը «Յանդեքս» տաքսու վարորդն էր, ում հաջողվել է տանել մի ցուցարարի, որին հետապնդում էին հատուկ նշանակության ջոկատները: