Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, եթե մոտ մեկ շաբաթ առաջ մեկ վարակակիր անձը վարակում էր մեկից քիչ մարդու, ապա այժմ արդեն այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով 1,02 տոկոսի, այսինքն մեկ վարակված անձը կարող է վարակել մեկից ավելի առողջ մարդկանց։ Իսկ սա նշանակում է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Հայաստանում ունենալու ենք կորոնավիրուսով վարակվածների աճ։
Ի դեպ, փոխնախարարը հիշեցնում է, այդ վարակելիության ցուցանիշը աճել էր նաև անցած մայիսին և հունիսի սկիզբին, որից հետո արդեն հուլիսին Հայաստանում արձանագրվեց վարակակիրների կտրուկ աճ։
«Քանի որ ցուցանիշը արդեն այս մեկ շաբաթվա ընթացքում դարձավ մեկ և ավելի, նշանակում է, որ եկող 14 օրերի ընթացքում մենք արդեն աճ ենք ունենալու, ինչը մենք էլ ենք արդեն տեսնում՝ թեստավորման արդյունքում: Ճիշտ է հայտնաբերելիությունը բարձրացել է, ավելի մեծ քանակով թեստեր ենք կարողանում այսօրվա դրությամբ անել, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով այն ֆակտորները, որոնք որ ազդում են այդ ցուցանիշի վրա, դա բնակչության շարժողականությունը, դպրոցների, կրթական հաստատությունների բացումն է, որը նաև նպաստելու է բռնկումների առաջացմանը», - ասաց Նանուշյանը:
Թե որքանով կաճի վարակակիրների թվերը, Առողջապահության նախարարությունը կանխատեսնումներ չունի: Փոխնախարարի փոխանցմամբ՝ դա կախված է մի շարք գործոններից՝ թե որքան թեստեր կիրականացվեն, որքանով վարակակիրները կպահպանեն ինքնամեկուսացման կանոնները, արդյոք քաղաքացիները կհետևեն հակահամաճարակային կանոններին և որքանով պատշաճ դիմակ կկրեն։
Լենա Նանուշյանի խոսքով, քանի որ առաջիկայում սպասվում է վարակակիրների թվի աճ, ապա շատ կարևորում է նաև դպրոցներում կանոնների խստագույն պահպանումը։
Սեպտեմբերի 15-ից բացված հանրակրթական դպրոցներում կորոնավիրուսի բռնկումների ռիսկը նվազեցնելու նպատակով դպրոց առ դպրոց բոլոր ուսուցիչների թեստավորումը շարունակվում է, ընդ որում թեստավորում են թե՛ պետական և թե՛ մասնավոր դպրոցների ուսուցիչները։ Առողջապահության փոխնախարարի խոսքով, եթե ցանկանում ենք, որ երեխաները պատշաճ կրթություն ստանան, և սովորեն անվտանգ միջավայրում, ապա պետք է ընդամենը հետևել սահմանված հակահամաճարակային կանոններին՝ ապահվելով նաև երեխաների կողմից դիմակների կրումը։ Նանուշյանը վստահցենում է՝ դիմակները վնաս չեն հասցնում երեխաների առողջությանը։
«Ընդամենը մեզնից պահանջվում է այդ կանոններին հետևել և երեխաների դիմակների կրումը ապահովել, այլ ոչ թե փնտրել տարբեր ոչ հավաստի տեղեկատվական աղբյուրներ, որպեսզի հիմնավորենք, բնակչության շրջանում տարածենք, որ դիմակները վնասակար են և այլն: Ոչ, այդպես չէ, դիմակը երեխային չի վնասում, և դիմակն է, որ օգնում է երեխային չվարակվել»:
Կովկասի ինստիտուտի փորձագետ, կորոնավիրուսի վիճակագրությունն ուսումնասիրող Հրանտ Միքայելյանն «Ազատության» հետ զրույցում նշում է՝ այժմ Հայաստանում օրական միջինը արաձանգրվում է մոտ 200 նոր դեպք։ Վիրուսի վերարտադրողականության ինդեքսը 1,4 տոկոս է, և եթե այս ցուցանիշը պահպանվի, ապա մեկ շաբաթից Հայաստանում կարձանագրվի միջինը 280, իսկ 2 շաբաթից արդեն՝ օրական 400 դեպք։
«Դժվար է կանխատեսել, թե այսպես կպահպանվի, թե չէ, գուցե դանդաղի, գուցե հիմա ինչ-որ մի բռնկում կա, որտեղ այդ թիվն աճում է արագ: Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչության մոտավորապես 92-93 տոկոսը իմունիտետ չունի կորոնավիրուսի հանդեպ, այսպիսով, ամեն դեպքում վարակը տարածվելու է անխուսափելիորեն, որովհետև իմունիտետը, որպեսզի հասարակությունը ձեռք բերի, մեզ մոտավորապես 50-ից մինչև 75 տոկոս պետք է, որ իմունիտեն ունենա բնակչությունը», - ասաց Հրանտ Միքայելյանը:
Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով, դրական է եղել իրականացված 3 հազար 769 հետազոտությունների 6,3 տոկոսը։ Covid-ը հաղթահարել է ևս 138 մարդ, գրանցվել է մահվան ևս 1 դեպք։ Պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսով վարակված ևս երկու մարդ մահացել է այլ պատճառներով։
Այսպիսով, մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 46 հազար 910 մարդու մոտ, նրանցից 42 հազար 369-ը արդեն առողջացել է։ Վարակի հետևանքով մահացել է 926 մարդ, ևս 285-ը մահացել է այլ պատճառներով: Այս պահին փաստացի բուժվում է 3 հազար 330 մարդ։