Մատչելիության հղումներ

Դպրոցներում դիմակ կրել-չկրելու հարցը շարունակում է քննարկումների թեմա մնալ


Լրանում է դպրոցներում դասերի վերսկսման առաջին շաբաթը, դասերի ընթացքում դիմակ կրել-չկրելու հարցը շարունակում է ֆեյսբուքյան ամենաթեժ ճակատամարտերի թեմա մնալ. էլ կոնսպիրոլոգիական կարծիքներ, էլ դիմակների առողջության վրա բացասական ազդեցության մասին պնդումներ, էլ Covid-ին չհավատացողներ, Կրթության նախարարության դիրքորոշումը հստակ է՝ այժմ դիմակներն անհրաժեշտ են։

Վիրուսի հետ ամեն օր առնչվող մասնագետները պնդում են՝ քանի դեռ պատվաստանյութ չկա, ուսումնական հաստատություններում և ընդհանրապես ամենուրեք հակահամաճարակային կանոնների խախտումները կարող են հանգեցնել կորոնաթվերի կտրուկ աճի:

Համաճարակաբան Արման Բադալյանի կարծիքով՝ այս քննարկումները չեն էլ դադարելու, քանի որ տեղեկատվական մեծ հոսքերի պատճառով մարդիկ ճիշտն ու սխալը զտել չեն կարողանում: Մասնագետն ընդգծում է՝ հիմնական խնդիրը Covid-ի տարածման ռիսկի նվազեցումն է:

«Բնական է՝ երեխաները որպես շարժիչ ուժ այսօրվա այս համավարակի պայմաններում տարբեր գիտական սակավաթիվ, բայց եղած գիտական տվյալների համաձայն, այդքան մեծ չի նրանց դերակատարությունը, բայց ամբողջությամբ չի էլ հերքվում: 12-ից բարձր տարիքում հիմնականում խրախուսվում է [դիմակ կրելը], ավելի ցածր տարիքում կախված է ռիսկայնությունից», - ասաց Բադալյանը:

Մասնագետն ասում է՝ փոքր երեխաները միգուցե դիմակը ճիշտ կրել չկարողանան, բայց այդ դեպքում գոնե սոցիալական հեռավորությունը պետք է պահպանվի. «Բոլոր երեք ֆրոնտներով՝ հիմնականում սոցիալական հեռավորություն, դիմակների կրում, մեր աշխատանքը պետք է անենք, ինչքանով կնվազեցնի, դժվար է ասել, բայց այդ գործողությունները պետք է անել»:

Բադալյանը շեշտում է՝ եթե ռիսկ կա, ապա անգամ դիսկոմֆորտ զգալով պետք է հետևել կանոններին։ Դպրոցներում դիմակ կրելու հարցն արդեն դատարան է հասել, փաստաբան Գեղամ Սիմոնյանը դիմակ կրելու պահանջն անվավեր ճանաչելու պահանջով դիմել էր վարչական դատարան՝ պնդելով, որ այն հակասում է մի շարք այլ փաստաթղթերի։ Դատարանը փաստաբանի դիմումը հետ է ուղարկել՝ նշելով, որ Կրթության նախարարության հրապարակած ուղեցույցը, որն էլ կարգավորում է կորոնավիրուսի պայմաններում դպրոցներ այցելու կարգը, նորմատիվ իրավական ակտ չէ, չկա ոչ ընդունող մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունն ու ստորագրությունը, ոչ էլ ընդունման ամսաթիվն ու գրանցման համարը, ուստի դատարանը փաստաբանի դիմումը չի կարող քննել։

Գեղամ Սիմոնյանի գնահատմամբ՝ վարչական դատարանի որոշումը նշանակում է, որ դպրոցներում գործող սահմանափակումները կիրառվել չեն կարող, քանի որ պարտադիր կատարման պահանջ չի կարող լինել:

«Դա ենթադրում է, որ այն կարգերը, որոնք կիրառվում են այսօր դպրոցներում կամ այն հարկադրանքը, կամ այն սահմանափակումները, որոնք կիրառվում են դպրոցներում, կիրառվել չեն կարող, որովհետև նորմատիվ իրավական ակտ չէ», - ասաց փաստաբանը:

Սիմոնյանն, ի դեպ, չի հավատում, թե աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա կա, ու չնայած Հայաստանում հարյուրավոր մահերին ու ավելի քան 46 հազար հաստատված դեպքերին, նա կասկածի տակ է դնում մասնագետների պնդումները։

Կրթության նախարարությունն ուղեցույցը մշակելիս հիմնվել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհուրդների վրա։ Ըստ ԱՀԿ-ի, Covid-ի տարածման հարցում երեխաների դերը դեռ ամբողջովին ուսումնասիրված չէ, մինչ այսօր դպրոցներում կորոնավիրուսի բռնկման փոքր թվով դեպքեր են գրանցվել։

Կազմակերպությունը նշում է՝ կորոնավիրուսի տարածման վրա դպրոցների ազդեցությունը երկարաժամկետ հեռանկարում դեռ պետք է գնահատվի։ Կազմակերպության պնդմամբ՝ մինչև 5 տարեկան երեխաներին չպետք է պարտադրել դիմակ կրել, 6-ից 11 տարեկանների համար դիմակ կրելու պահանջը պետք է հիմնված լինի տվյալ տարածաշրջանում Covid-ի տարածման ռիսկով, տվյալ երկրում առկա համոզմունքներով, երեխայի դիմակ կրելու ունակությամբ, դե իսկ 12 ու ավելի բարձր տարեկան երեխաները պետք է հետևեն մեծահասակների համար սահմանված կանոններին։

Դպրոցների վերաբացման ռիսկերի հարցը քննարկվում է գրեթե ողջ աշխարհում, բազմաթիվ երկրներում ուսումնական հաստատությունները փակվել էին դեռ գարնան սկզբին: Տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը միջազգային փորձն է ուսումնասիրել, ասում է՝ դասերի վերսկսման համաճարակային հնարավոր ազդեցության մասին խոսելը դեռ վաղ է, բավարար փորձ չկա. «Եթե ստադիոններն են աշխատում, ակումբներ, այնտեղ ավելի շատ է տարածվում վիրուսը, քան դպրոցներում, դա մենք գիտենք միջազգային փորձից, սակայն դպրոցների աշխատանքն ամեն դեպքում բերելու է որոշակի վարակի տարածման աճի»:

Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանում գործող կարգավորումները կարող են դրական արդյունք տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG