Մատչելիության հղումներ

Դասերի վերսկսման երկրորդ օրը սահմանված հակահամաճարակային կանոնները խախտվում են


Կուտակումներ, առանց դիմակների աշակերտներ ու աշխատակիցներ. դպրոցներում դասերի վերսկսման երկրորդ օրը սահմանված հակահամաճարակային կանոնները խախտվում են։

Երևանի համար 197 դպրոցի բակում հավաքված ծնողները ամբողջ աշխարհը տակնուվրա արած կորոնավիրուսի մասին կարծես չէին էլ լսել. կուտակվել էին, գրեթե ոչ ոք դիմակ չէր կրում, սոցիալական հեռավորություն էլ չկար, դպրոցում ասացին՝ հավաքվածներին մի քանի անգամ հորդորել էն ցրվել, բայց ապարդյուն, մի քանի րոպե հետո կրկին նույն պատկերն է եղել։

Դպրոցի ներսում էլ ամեն ինչ իդեալական չէր, մտանք մի դասարան, որտեղ բացառությամբ մի քանիսի ոչ ոք դիմակով չէր, ուսուցչուհու հորդորով, թե օրինապահ երևալու ցանկությամբ, հինգերորդ դասարանի աշակերտների մի մասը կայծակնային արագությամբ դիմակավորվեց, սակայն ուսուցչուհին մեր նկարահանման ամբողջ ընթացքում այդպես էլ շարունակեց դիմակը սխալ կրել:

Դիմակը սխալ էր կրում նաև ավելի քան 1000 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սվետլանա Նահատակյանը. նեղվում էր, երեխաներին էլ, ըստ նրա, հասկանալ կարելի է:

«Երեխա են, բնականաբար, մենք էլ մեծ ենք, հասկանում ենք, անընդհատ իջեցնում-բարձրացնում են, մանավանդ այս շոգ օրերին: Սեպտեմբերն այս դասասենյակներում շոգ է», - ասաց Նահատակյանը:

Սեպտեմբերյան շոգն, ըստ օդերևութաբանների, առնվազն մի քանի օր կպահպանվի, դե իսկ մյուս բոլոր կանոններին երեխաներն ու ուսուցիչները հետևում են, վստահեցնում է Նահատակյանը. «Հետևում ենք պարտադիր, անպայման, եթե ասվել է ուրեմն պետք է հետևենք»:

Դպրոցի մեկ ուրիշ դասարանում արդեն բոլորը դիմակներով էին, ուսումնառության վեցերորդ տարին սկսած Հելենան օրերն էր հաշվում, որ դպրոց գար, ասաց՝ դիմակից ընդհանրապես չի նեղվում, աղջիկը հանգիստ է ընդունել նաև դասարաններում առանձին նստելու հանգամանքը. «Թույլ են տալիս, որ իրար հետ խոսենք, դա ավելի լավ է, բայց դե ավելի լավ է ապահով լինենք, որ վիրուս չկպնենք»:

Հելենայի դասընկերներն այդքան էլ համաձայն չէին:

Ի դեպ, այս դպրոցում ուսուցիչներին միայն այսօր՝ դասերի մեկնարկից հետո էին կանչել Covid-ի թեստ հանձնելու, դպրոցի աշխատակիցները զրույցներում ասում էին՝ եթե իրենց մեջ վարակված լինի, ապա կորոնավիրուսի տարածումից խուսափել չի լինի։ Թիվ 198 ավագ դպրոցի բակում դասերն ավարտած տղաները կուտակվել էին դպրոցի դիմաց, առանց դիմակի զրուցում էին, տեսախցիկը տեսնելուն պես դիմակները դրեցին, տղաները հարցազրույց տալուց հրաժարվեցին, փոխարենը խոսեցին դեռ դասի նստած աշակերտները:

Նկարահանման ընթացքում դպրոցի ներսում առանց դիմակի որևէ մեկին չհանդիպեցինք։ Աշակերտների խոսքով՝ իրենք հասկանում են դիմակ կրելու անհրաժեշտությունը, այդուհանդերձ ասում են՝ նեղվում են դրանցից. «Դասին դնում ենք, հետո հանում ենք»:

Տնօրենի պաշտոնակատար Սարգիս Խաչատրյանի խոսքով՝ մեծամասամբ ստացվում է հետևել կանոններին. մինչ դասերի մեկնարկն էլ նախապատրաստական աշխատանքներ են կատարել. աշակերտներին և ծնողներին բացատրել են կորոնայից պաշտպանվելու կարևորությունը:

Խաչատրյանն ընդգծում է՝ համավարակի ընթացքում մարդկանց դժվար էր ստիպել դիմակ կրել, հիմա այդ պարտականությունն իրենց վրա է, ինչը բարդացնում է իրենց գործը. «Բացի այն, որ դու պետք է դասավանդեիր և քո գործունեությամբ զբաղվեիր, մի տեսակ նաև հսկողի դերում ես, որովհետև պատասխանատվություն ես կրում այդ մարդու առողջության և առաջին հետո ինքդ քո [համար]»:

Տնօրենի պաշտոնակատարը շեշտում է՝ ուզած-չուզած բոլորը կպահեն կանոնները. հակառակը կարող է հանգեցնել կորոնավիրուսի ավելի լայն տարածման ու դպրոցները կրկին կփակվեն, իսկ հեռավար կրթությունն, ըստ Խաչատրյանի, ոչ մեկի սրտով չէ:

Վերջին օրերին մեր անցկացրած հարցումները ցույց տվեցին, որ առկա ուսումն անգամ այս պայմաններում հեռավարից լավ է, եթե երեկ միայն առաջին դասարանցիներն էին դասի, որոնք այս հարցին պատասխանել չէին կարող, ապա այսօր այս պնդումը վերահաստատեցին արդեն աշակերտները:

Այսօր մեկնարկեց նաև բուհերի բարձր կուրսեցիների առաջին կիսամյակը: Ուսումնական տարվա արդեն լիարժեք սկիզբը մայրաքաղաքում ակտիվություն է բերել. բազմաթիվ անցորդներ, մեքենաներ, խցանումներ, կանգառներում հավաքվածներ, ավտոբուսներում ու գազելներում թույլատրելիից շատ ուղևորներ, վերջինը գործող կարգավորումներով արգելված է և տուգանք է նախատեսում, սակայն վարորդներին, ըստ էության, դա չի վախեցնում:

Ուղևորներից ոմանք ավտոբուս բարձրանալուց վախենում են, ոմանց էլ ծանրաբեռնված տրանսպորտն ընդհանրապես չի անհանգստացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG