Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Վերջին 2 օրերին դեպքերի թվի աճի միտումը անհանգստացնող է»


Մոտ մեկ ամսվա կտրվածքով երեկ կորոնավիրուսի ամենաշատ դեպքերն են արձանագրվել. COVID-19-ն աշխտորոշվել է 295 մարդու մոտ։ Նախորդ օրը ռեկորդային թվով՝ 4 հազար 319 հետազոտություն է անցկացվել։

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետը նկատեց, որ չնայած վերջին օրերին մեծ թվով հետազոտություններ են անցկացվել, այնուամենայնիվ, գրանցվող թվերը մտահոգիչ են. – «Ամենաբարդ շրջանում մեր օրական թեստերի մաքսիմալ ծավալը... մենք 3000 չենք հասել ոչ մի օր նախկինում, բայց այնուամենայնիվ միտումը անհանգստացնող է: Կարծում եմ, որ մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք ա հրավիրենք այս խնդրի վրա»:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյան. – «Այո, թեստավորումների, ընդհանուր հետազոտությունների թիվը մեծ է, և դրա համար էլ բացարձակ թվով դեպքերի թիվը մեծ է: Բայց մենք նաև նկատում ենք թեստավորման մեջ տոկոսային աճ. այսօր մոտ 7 տոկոս է կազմում, ինչը մեզ համար մտահոգիչ է»:

Առողջապահության նախարարությունում աճը կապում են ուսումնական տարվան ընդառաջ տեղի ունեցած ակտիվության հետ. – «Մինչդպրոցական առևտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու… Սեպետեմբերի 15-ից դպրոցները բացվեցին, բայց մինչև այդ արդեն իսկ բավական ակտիվությունը նկատվում էր»։

Իսկ թե դպրոցների բացման հետևանքով ինչպիսի իրավիճակ կստեղծվի, փոխնախարար Ավանեսյանի խոսքով, կտեսնենք առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։

«Արտակագ դրություն այլևս չկա, սակայն սահմափակումները գործում են», - ասաց փոխնախարարը` ընդգծելով հակահամաճարակային կանոններին խստորեն հետևելու կարևորությունը. – «Բոլոր կանոների պահպանման արդյունքում կարող ենք զսպել աճի միտումը և աշնան ընթացքում չունենանք կտրուկ վերելք թվերի, ինչը առողջապահական համակարգի մեծ լարում է առաջացնում և դժվարացնում է մեր աշխատանքը»:

«Կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք ունենք, և այդ մեկ ապացուցված գործիքը դիմակն է: Եվ դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն», - նշեց վարչապետը` շեշտելով, որ այդ հարցում առավել հետևողական են լինելու:

«Որևէ ոստիկան դիմակ չկրող որևէ քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի»: - Նկատառումը Փաշինյանը ոստիկանապետին է ուղղում` ընդգծելով, որ լիարժեք պետք է պահպանվեն օրինականությունն ու քաղաքացիների իրավունքները. – «Երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում, ավելի եմ համոզվում, որ պետք է սովորենք կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների: Ես համոզվում եմ, որ մենք պետք է շարունակենք գնալ այդ ճանապարհով»

Երեկ կորոնավիրուսից 2 մարդ է մահացել՝ 66 և 84 տարեկան։ Նրանք երկուսն էլ, ըստ Առողջապահության նախարարության, ունեցել են քրոնիկական հիվանդություններ։

XS
SM
MD
LG