Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Արթուր Վաղարշյանին, Երվանդ Խունդկարյանին ու Էդգար Շաթիրյանին: Թեկնածուների ընտրության շուրջ քննարկումը երեկ էր կայացել, քննադատությունների պակաս չէր եղել։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, իսկ որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց բոլորին դեմ քվեարկելու մասին։
Իշխող «Իմ քայլ»-ում չեն կարծում, որ միայն իշխանականների քվեով ընտրվելու փաստը ՍԴ նոր դատավորներին ավելի խոցելի է դարձնում։ «Դա ընդդիմադիր խմբակցությունների որոշումն է, միգուցե նշանակում է, որ այդ երկու խմբակցությունները գոհ են այն իրավիճակից, որը կա այսօր դատաիրավական համակարգում», - ասաց Լիլիթ Մակունցը:
Ամենաշատ՝ 86 կողմ ձայն ստացել էր նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանը, նա նաև ամենաքիչ դեմ ձայն էր ստացել, միայն մեկը։ Երեկ, մինչդեռ մի քանի իշխանական պատգամավորներ խոսում էին այն մասին, որ նախագահի կողմից մեկ տարվա տարբերությամբ նույն գումարման ԱԺ-ին նույն թեկնածուին առաջադրելը անհարգալից է, չէ՞ որ ԱԺ-ն արդեն մեկ անգամ մերժել է Արթուր Վաղարշյանին։
Իշխանականներին տվեցինք այն նույն հարցը, ինչը երեկ նրանք տալիս էին ԱԺ ամբիոնից Վաղարշյանին ներկայացնող Էմիլ Տարասյանին, ի՞նչ է փոխվել այս ընթացքում, որ նույն թեկնածուին են առաջադրել։
«Շատ դուր է եկել պատգամավորներին մոտեցումը, անկեղծությունը պարոն Վաղարշյանի, որը մենք տեսանք Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Առաջին անգամ ոչ թե ազնիվ չէր, այլ երևի ավելի լարված էր և ավելի ասելիքը միգուցե տեղ չհասավ», - ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը ոչինչ չասաց Վահե Գրիգորյանի գործոնի մասին։ Հիշեցնենք, Վաղարշյանին դեմ քվեարկելով իմքայլականները նախագահին հնարավորություն տվեցին ևս մեկ անգամ առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Երեկ իր ելույթում Վաղարշյանը ակնարկեց՝ հասկանում է, որ նախորդ անգամ իր չընտրվելը որոշակիորեն քաղաքական որոշում էր, ոչ թե իրավական։ Այսօր արդեն Վաղարշյանը ավելի զգուշավոր էր իր հայտարարություններում, ավելի շուտ նախընտրեց ընդհանրապես լրագրողների հետ չխոսել, ասաց՝ օրենքը չի թողնում:
Հաջորդ ամենաշատ կողմ ձայնը ստացել էր կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ 85, նրա դեմ քվեարկել էր 3 պատգամավոր։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանը ստացել էր 84 կողմ, 2 դեմ ձայներ։
Ընտրված դատավորներն իրենց լիազորությունը ստանձնում են ԱԺ-ում երդման արարողությունից հետո։ Այսօր թեկնածուները չերդվեցին, քանի որ նրանցից երկուսի դեպքում այս պահին աշխատանքի հետ կապված անհամատեղելիության խնդիր կար:
«Դատավորները պետք է դիմում գրեն իրենց աշխատանքից դուրս գալու վերաբերյալ, որից հետո մենք կկազմակերպենք երդման արարողությունը այստեղ», - ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Երդման արարողությունից հետո, երբ ՍԴ կազմն ամբողջությամբ կհամալրվի,Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով պետք է ընտրի Սահմանադրական դատարանի նախագահ առանց վերընտրվելու իրավունքի: Արդյունքների հրապարակումից հետո նորընտիր դատավորները, բացառությամբ Խունդկարյանի, ով այսօր ընդհանրապես ԱԺ չէր եկել, մի քանի պատմգավորների հետ առանձնացան Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում։ Մեկ ժամ ձգված խոսակցությունը իրավագիտության մասին էր «Ազատության» հարցին ի պատասխան հստակեցրեց Ալեն Սիմոնյանը։
«Ֆակուլտետից էինք խոսում, մեր դասախոսներին էինք հիշում», - ասաց ԱԺ փոխնախագահը:
«Ազատության» հարցին՝ այսինքն հավանակա՞ն է, որ Հրայր Թովմասյանը նորից ընտրվի այս կազմի կողմից ՍԴ նախագահ, Սիմոնյանը պատասխանեց. «Ես նման հնարավորություն գրեթե բացառում եմ»:
Ինչպե՞ս է բացառում ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի վերընտրվելու հավանականությունը, եթե ՍԴ դատավորների հետ նման պայմանավորվածություն չունեք հարցին ի պատասխան Սիմոնյանն ասաց՝ պարզապես այդտեղ տրամաբանություն չի տեսնում։ Իսկ թե ով կլինի ՍԴ նոր նախագահը, կորոշվի Սահմանադրական դատարանում։ Դատարան գնացող Արթուր Վաղարշյանը լրագրողներից խուսափելու ընթացքում միայն հստակեցրեց՝ ինքը նախագահ դառնալու հավակնություններ չունի։
Վաղարշյանը այսօր միակը չէր, ով հարցերին պատասխանելու տրամադրվածություն չուներ։ Հիմնականում միայն փակ քվեարկությունների ժամանակ լրագրողների տեսադաշտում հայտնվող ԱԺ նախագահը ևս անպատասխան թողեց մեր այն հարցը, թե այս թեկնածուներով ձևավորվո՞ւմ է այն Սահմանադրական դատարանը, որի համար հեղափոխական իշխանությունը նախաձեռնեց այս փոփոխությունները:
ՍԴ -ում թափուր տեղերն առաջացան հունիսին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո, երբ ՍԴ նախագահի պաշտոնը կորցրեց Հրայր Թոմվասյանը, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած երեք դատավորներ ուղարկվեցին թոշակի։