Փաստաբան. Ռուբեն Հայրապետյանն ու նրա որդին որևէ կարգավիճակ չունեն ՀՖՖ-ին ու «Նորալուսնին» առնչվող գործով

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ընկերության և ՀՖՖ ակադեմիայի նախկին տնօրեններին առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել, երկու մեղադրյալները գրավի դիմաց ազատության մեջ են։ Ըստ Քննչական կոմիտեում արդեն երկու ամիս քննվող գործի նյութերի՝ տնօրենների նախնական համաձայնությամբ 2013-2018թթ. Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն հանդիսացող ակադեմիայից հափշտակվել է շուրջ 100 միլիոն դրամ։

Կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը մանրամասնում է՝ Հայրապետյանի ընտանիքին պատկանող ընկերության Կոտայքի մարզում գործող «Զեփյուռ» ամառային ճամբարում ակադեմիայի սաների հավաքներ կազմակերպելու պատրվակով ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր են կնքել, իրականում երեխաները ճամբար չեն այցելել. - «Վերջիններիս ծառայություններ չմատուցելու պայմաններում կազմվել են կեղծ տեղեկություններ պարունակող հարկային հաշիվներ, որոնց հիման վրա վճարումներ կատարելու միջոցով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» փակ բաժնետիրական ընկերությունից յուրացման եղանակով հափշտակվել է առաձնապես խոշոր չափերի գումար»:

Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ֆեդերացիայի նախկին նախագահն այս գործի հետ առնչություն չունի և որևէ կարգավիճակով ներգրավված չէ նախաքննությունում։ «Նորալուսին» ընկերության հիմնադիր Ռաֆիկ Հայրապետյանը՝ նախկին պատգամավորի որդին, ըստ Մակինյանի, նույնպես այս գործով կարգավիճակ չունի։ Հայրապետյանի ընտանիքին պատկանող ընկերության հեռախոսահամարներն այսօր անհասանելի էին:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը երկու այլ քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունի. նա մեղադրվում է տարիներ առաջ փաստացի իրեն պատկանող «Հարսնաքար» համալիրում իր նախկին աշխատակցին ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, երկրորդ գործով` լիազորությունները չարաշահելու ու պաշտոնեական լիազորություները չարաշահելուն դրդելու համար։ Ի դեպ, «Հարսնաքար» համալիրը նույնպես «Նորալուսին» ընկերության մաս է կազմում։

Ըստ նախաքննական մարմնի` 2016 -ին Հայրապետյանը որդու և այլ անձանց հետ Սևանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանի աշխատակցին ավելի քան 3 շաբաթով ազատությունից զրկել է, կյանքի ու առողջության համար վտանգավոր սպառնալիքներով ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք է պատճառել՝ պահանջելով 120 հազար ամերիկյան դոլար, ըստ իրավապահների՝ նախկին պատգամավորը կտտանքների ընթացքում անգամ էլեկտրաշոկ է կիրառել։

Ռուբեն Հայրապետյանն այս գործերի բացահայտումներից հետո մեկնեց Ռուսաստան, հետագայում պարզվեց, որ նախկին հանրապետական պատգամավորը այդ երկրի քաղաքացի է, նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը Ռուսաստանում դադարեցվեց։ Հայրապետյանը Ռուսաստանի քաղաքացի է 2003 թվականից՝ պատգամավոր ընտրվելու ժամանակներից։ Այս նորությունը լրատվամիջոցների առաջին էջերից չէր իջնում, քննարկման հիմնական հարցն էլ այլ երկրի քաղաքացի լինելով պատգամավորի թեկնածու դառնալու իրավաչափությունն էր։

Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց՝ այս հարցի վերաբերյալ մամուլի հրապարակումները ուղարկվել են Քննչական կոմիտե։ Ռուսաստանում գտնվելու ընթացքում Հայրապետյանն այս մեղադրանքներին չի արձագանքել, փոխարենը ֆեյսբուքյան գրառմամբ օրեր առաջ անդրադարձել էր ֆուտբոլի հավաքականի առաջատար, թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Ֆեդերացիայի նախկին նախագահը, անդրադառնալով թիմին չմիացած ֆուտբոլիստի հասցեին հնչող քննադատություններին, ֆեյսբուքյան էր էջում գրել է՝ զայրանում է այդ քննարկումներից՝ ըստ էության բացառելով Մխիթարյանի որոշման վրա իր հնարավոր ազդեցությունը։