«Լիդիան Արմենիայի» վերջերս վարձակալած VIP Guard Security ընկերության պահնորդները անցած գիշեր հարձակվել են Ամուլսարի պահպանությունն իրականացնող հարակից բնակավայրերի բնակիչների վրա, առևանգել նրանցից առնվազն մեկին, դաժան ծեծի ենթարկել: Ծեծի ենթարկվածներից առնվազն մեկին հաջողվել է պահնորդների ձեռքից ազատել ուշագնաց վիճակում՝ դեպքի վայր ոստիկանների ու ջերմուկցիների ժամանելուց հետո միայն, այսօր «Ազատության» հետ զրուցում ասաց Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող Շիրակ Բունիաթյանը։
Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայկական բնապահպանական ճակատը՝ նշելով, որ «Լիդիան Արմենիայի» վարձակալած պահնորդական ծառայության աշխատակիցների ծեծի հետևանքով «Ամուլսարի պահապաններից մի քանիսը հոսպիտալացված են»։
Շիրակ Բունիաթյան. – «Դեպքի վայրում ավելի ուշ եմ եղել: Ականատեսների պատմելով, որը որ նաև չէին հերքում այդ տարածքում գտնվող ոստիկանները, ավելին` բարձրաստիճան ոստիկանները իրենք էլ էին նույն պնդմանը, որ տվյալ դեպքը սկիզբ ա առել ինչ-որ երկխոսությունից` քաղաքացիներից մեկի մեկ էլ պահնորդներից մեկի երկխոսությունից, որը դարձել ա վիճաբանություն: Դրանից հետո պահնորդները դուրս են էկել էդ տարածքից, իրենց պատկանող տարածքից և Ջերմուկ տանող մայրուղու վրայից քաղաքացուն ուղղակի կարելի է ասել առևանգել են ու քաշել են ներս, «Լիդիանի» տարածք, ու էնտեղ դաժան ծեծի են ենթարկել, որը որ տեսել են թե' էնտեղ գտնված ոստիկանները, թե' մյուս քաղաքացիները, ովքեր որ էդ պահին էդտեղ են եղել: Էդտեղ թվով 2-3 ոստիկան են եղել, մեր հենակետում գտնվող երկու քաղաքացի: Փորձել են միջամտեն, ոստիկաններին քաշքշել ու հրել են, մյուս երկու քաղաքացում են էլ են ծեծել մինչև որ իրանց հաջողվել ա զանգել: Ծեծը շարունակվել է էնքան ժամանակ, մինչև արդեն Ջերմուկից` մոտ տասը կիլոմետր հեռավորությունից մարդիկ էջել են, և դեռ էդ ժամանակ էլ էին, ասում ա, ծեծում... Մինչև որ մարդիկ իջել են, որ էդ պահնորդները հեռացել են այդ տարածքից: Երբ որ մենք արդեն գնացինք էնտեղ, կար արդեն ոստիկանական պատ, որից մի հիսուն մետր այն կողմ պահնորդներն էին ու համայնքային տարածում էլ բնակիչներն էին: Երբ որ բնակիչները և ոստիկաններն արդեն մեծ թվով են էդտեղ եղել, մարդուն ուշագնաց վիճակում ուղղակի հանել են էդ տարածքից, անգիտակից վիճակում են հանել»:
«Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչը չի հերքում՝ պահնորդները ծեծել են բնակչին մինչև գիտակցության կորուստը
«Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը այսօր «Ազատության» հետ զրույցում չհերքեց, որ իրենց վարձակալած պահնորդները այն աստիճանի են ծեծել բնակիչներից մեկին, որ նա կորցրել է գիտակցությունը: Նասիբյանը պնդեց, թե պահնորդները պաշտպանել են ընկերության տարածքը օրենքի շրջանակներում։
Ֆեյսբուքի իր էջում «Լիդիան Արմենիա» ընկերությունը նաև տեսանյութ է հրապարակել, որում մի քանի անձինք քարեր են նետում մեքենայի ուղղությամբ։
Խորեն Նասիբյան. – «Ներխուժում ա տեղի ունեցել, հավանաբար ոչ սթափ վիճակում: Էդ մի խումբ անձինք... ներխուժել են տարածք ու փորձել են սադրել: Հայհոյանքներ են տեղի ունեցել պահնորդների ուղղությամբ, քարեր են նետել: Դրանից հետո էդ տարածքի ներսում ներխուժումը կանխվել է պահնորդական ընկերության ներկայացուցիչների կողմից: Որևէ անհամարժեք ուժի կիրառման մասին, որևէ պաշտպանության սահմանազանցման և այլնի մասին խոսելը ծիծաղելի է նույնիսկ: Ես տեղեկություն չունեմ գիտակից կամ անգիտակից լինելու մասին»:
«Ազատության» հարցին, թե արդյոք ինքը չի հերքում, որ պահնորդների ծեծի արդյունքում մարդը կորցրել է գիտակցությունը, Նասիբյանն արձագանքեց. – «Ես չեմ էլ կարող հաստատել նման տեղեկությունը, քանի որ ընդհանրապես տեղեկացված չեմ, թե բախման ժամանակ ինչ հետևանք է ունեցել, նկատի ունեմ ֆիզիկական վնասված և այլն ստանալու հետ կապված»:
Ըստ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Բունիաթյանի, քանի որ «Լիդիանի» թե՛ նախկին, թե՛ ներկայիս պահնորդական ծառայությունները ագրեսիվ են գործում ջերմուկցիների և Ամուլսարին հարակից այլ բնակավայրերի բնակիչների դեմ, իրենք վստահ են, որ նման գործելաոճի նախաձեռնողը ոչ թե այդ ընկերություններն են, այլ «Լիդիան Արմենիան» է, որպեսզի ի վերջո կարողանան անցնել հանքի շահագործմանը. – «Խոսք կա, չէ՞, ասում ա` ով որ վճարում ա, ինքն էլ պատվիրում ա երաժշտությունը։ Եթե մարդիկ ամեն կերպ խնդիր են դրել մուտքերը բացելու, նշանակում ա, որ պետք է այս տարբերակները օգտագորվեն, քանի որ ինչ-որ երկխոսելով, համոզելով Ամուլսարի մուտքերը չի բացվելու: Իսկ եթե ամեն կերպ ուզում են բացեն, մնում ա էս տարբերակները»:
Ոստիկանության լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ անցած գիշեր 00։15-ին ահազանգ է ստացվել, որ Ամուլսարի 28 տեղամասում ծեծ է տեղի ունեցել, ոստիկանները մեկնել են դեպքի վայր, նյութեր են նախապատրաստվում։ Այլ տեղեկություն չհայտնեցին:
Արդյո՞ք ոստիկանները հարձակման են ենթարկվել «Լիդիան Արմենիայի» վարձակալած պահնորդական ծառայության աշխատակիցների կողմից, ինչպես պնդում են Ամուլսարին հարակից բնակավայրերի բնակիչները, ոստիկանությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին՝ կրկնելով, թե նյութեր են նախապաստրատվում։