Թունավոր օղու «շրջագայությունը» շարունակվում է

Երեկ երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում Արմավիրից ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բուժկենտրոն:

Փոխտնօրեն Աշոտ Կուրղիկյանի տեղեկացմամբ, հիվանդին դեռևս հետազոտում են, սակայն այս դեպքն էլ շատ նման է մեթիլային սպիտրով թունավորման. – «Շատ նման է, բայց դեռ չենք կարող ասել: Որոշակի հետազոտություններից հետո ավելի հստակ ձեզ կարող ենք ասել»:

Այս բուժկենտրոնում մեթիլային թունավորմամբ ևս երեք հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում են, նրանց երկուսը կուրացել են:

Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ, ևս չորս հոգի այլ բուժհաստատություններում են. – «Երկու պացիենտ գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կրկին երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի մոտ առկա է կուրություն: Մեկ պացիենտ գտնվում է թիվ մեկ Համալսարական հիվանդանոցում, ծայրահեղ ծանր վիճակում: Եվ ունենք մեկ պացիենտ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, նրա վիճակը ծանր է»:

Օգոստոսի 31-ից մինչև այսօր մեթանոլային թունավորման 46 դեպք է գրանցվել, 17 հոգի մահացել են: Դեպքերից 29-ը Արմավիրի մարզում, 15-ը` Երևանում և մեկ դեպք Կոտայքի մարզում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն ասում է, որ վերլուծել են դեպքերն ու պարզել, որ դրանց միջև ընդհանրությունը միայն մեթանոլն է. – «Արմավիրի և Երևանի դեպքերի կապ, այսինքն` անձանց կապ մեկը մյուսի հետ իհարկե չկա, բայց իրենց ընդհանուր կապող մեկ օղակը նա է, որ երկու կլաստերներն էլ օգտագործել էին ալկոհոլային խմիչք, որի մեջ առկա է բարձր պարունակությամբ մեթանոլ»:

Աբովյանը շեշտում է, որ թունավորումների այս ծավալն աննախադեպ է. 5 տարի է, ինչ քիմիական թունավորումների համաճարակաբանական մոնիտորինգ են անում, այսպիսի բան չի եղել. – «Ալկոհոլային թունավորմամբ դեպքերը հիմնականում արձանագրվում էին Նոր տարուց հետո ավելի շատ, բայց դրանք ավելի շատ ալկոհոլային խմիչքի չարաշահումից էին»:

Մեթիլի մահացու դոզայով թունավորված քաղաքացիները հիմնականում հիվանդանոց են հասել արդեն անգիտակից: Մինչև այժմ Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվել է միայն Արմավիրի դեպքով: Հայտնի է, որ այստեղ բոլոր թունավորվածները տնային ոգելիցը գնել էին համաքաղաքացի Աշոտ Հովսեփյանից: Քիչ առաջ դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:

Հովսեփյանի փաստաբան Գոռ Գևորգյանը տեղեկացրեց, որ հենց գիշերն է վերաքննիչ բողոքը գրելու. – «Չկարողացավ դատավորն իրեն վեր դասել հասարակական կարծիքներից ու ճնշումներից»:

Դատարան, ըստ փաստաբանի, չարդարացված մոտեցում է ցուցաբերել ու հիմնավոր համարել քննությանը խոչընդոտելու վտանգը. – «Եթե խոչընդոտող լիներ, ինքը անձամբ չէր հայտնի էն անձանց շրջանակը, ում որ վաճառել ա, չէր ասի սկզբնաղբյուրը, թե ումից ա գնել: Այսինքն` առավելագույն ինֆորմացիայով ինքը առաջին իսկ օրվանից կիսվել էր նախաքննության մարմնի հետ»:

Հովսեփյանը կեղծ օղի պատրաստելու, իրացնելու մեղադրանքը չի ընդունում, պնդում է, թե ինքը կարծել է, որ գնում է մաքուր ցորենի սպիրտ, նույն կարծիքին են կալանավորված մյուս երկու քաղաքացիները` արմավիրցի Արշակ Արշակյանը, ումից սպիրտ է գնել Աշոտ Հովսեփյանը, և արարատցի Ավետիք Վարդանյանը, ումից այդ սպիրտը է գնել Արշակյանը: Նրանք էլ մեղադրանքը չեն ընդունում` դարձյալ նույն հիմնավորմամբ. կարծել են, թե մաքուր սպիրտի հետ գործ ունեն:

Փորձաքննությունները սակայն հաստատել են, որ այդ ոգելիցում նորման հարյուր անգամներով գերազանցող մահաբեր մեթանոլ է եղել։
Ավետիք Վարդանյանն առայժմ չի բացահայտել, թե ինքն ումից էր գնել այդ սպիրտը: Նրա փաստաբան Վարդգես Գևորգյանն ասաց՝ կիմացվի. – «Ինքը պատրաստ ա ասելու, նա թաքցնելու բան չունի: Ինքն էլ է վատ զգում, իրա խղճի վրա էլ է նստած, ինքը չի իմացել»:

Առայժմ որևէ տեղեկություն չկա, թե թունավորումների երևանյան քրոնիկոնն ինչպես է ծավալվել: Եվ սա, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը համարում է շատ մտահոգիչ: Առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ բժշկական սպիրտի օգտագործումն է երևանյան դեպքերի հավանական պատճառը. – «Աշոտը իր բնակարանում թորում էր օղի և վաճառում էր մարդկան, և մարդիկ թունավորվել են և մահացել: Մենք ասում ենք` ունենք երկրորդ դեպք, որը համաճարակաբանական տեսանկյունից կապ չունի առաջին դեպքի հետ: Երկրորդ դեպքերը` Երևանի դեպքերը... բժշկական սպիրտը ո՞ր ընկերության արտադրանք ա: Էդ մարդիկ ապօրինի շրջանառություն իրականացնող ընկերությունից են ձեռք բերել, թե՞ լավ էլ մտել են և դեղատնից ձեռք են բերել բժշկական սպիրտ, որը պետք է ջրով բացեին խմեին և չմահանային, ջրով բացել խմել են և մահացել: Ինչո՞ւ սրա մասին ոչ մեկ չի խոսում: Էս ի՞նչ առեղծված ա, և ո՞ւմ են պահում պատկան կառույցները»:
Նրա խոսքով, անցել է մեկ շաբաթ և հնարավոր է այդ խնդրահարույց բժշկական սպիրտը շարունակում է վաճառվել. – «Չի բացառվում, որ խոշոր ներմուծված պարտիա ունենանք բժշկական սպիրտի, որի մեջ չպիտի լիներ մեթանոլ, բայց կա»:

Առողջապահական տեսչությունից տեղեկացնում են , որ դեղատների հետքը գտնելու գործընթաց են սկսել , այլ մանրամասներ առայժմ չկան։ Պիպոյանի կարծիքիով, թունավոր մեթիլի այս պատմությունը համակարգային խնդիրների հետևանք է՝ անփութությունից մինչև անվերահսկելիություն: