Մատչելիության հղումներ

Պետք է պարզվի թունավոր սպիրտի սկզբնաղբյուրը, շեշտում են կասկածյալների փաստաբանները


Ո՞վ է գործով չպարզված անձը՝ փաստաբաններն ասում են՝ իրենք էլ են ուզում իմանալ:

Ցորենի սպիրտ, թորած ջուր, լիմոնի աղ ու շաքարավազ. սա է արմավիրցի Աշոտ Հովսեփյանի պատրաստած օղու բաղադրատոմսը, որ ներկայացրեց նրա փաստաբան Գոռ Գևորգյանը:

Օղու նույն խմբաքանակից, որ 9 մարդու մահվան ու մի քանի տասնյակ թունավորման դեպքերի պատճառ դարձավ, համտես է արել նաև Հովսեփյանն ինքը: «Փորձել է համային հատկանիշները հասկանալու համար, ու իր համար ևս զարմանալի է, քանի որ իր փորձելու արդյունքում ինքը ոչ ունեցել է ինքնազգացողության վատացում, ու նաև էդ համային հատկանիշների մեջ որևէ տարանջատում չի տեսել», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբանը:

Գուցե քանակի հարց է՝ կպարզվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով: Լաբորատոր փորձաքննությունն արդեն հաստատել է, որ այդ ոգելիցի նմուշներում հայտնաբերվել է մահաբեր մեթանոլ սպիրտի բարձր քանակություն։

Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղու պատրաստման, վաճառքի մեղադրանքը չի ընդունում, փաստաբանն ասում է՝ ինքն իր օղուն որևէ վտանգավոր տարր չի խառնել:

«Ուղղակի դիտավորությամբ կատարված հանցագործության մեջ են մեղադրում պաշտպանյալիս, որ արտադրել է չթույլատրված, պատրաստել է իրացման նպատակով չթույլատրված կամ կեղծ օղի, բայց ախր չեն հստակեցրել, թե ինչ է նշանակում կեղծ օղի, արդյո՞ք էդ պատրաստման եղանակն էր խնդիրը, որ օղին կեղծ էր, քանի որ ինքը էդ սպիրտը գնել էր որպես ցորենից պատրաստված խմելու սպիրտ», - ասաց Գևորգյանը:

Այժմ, ըստ փաստաբանի, Հովսեփյանը հոգեբանական ու ֆիզիկական ծանր վիճակում է՝ հաշմանդամություն ունի, և առողջական վիճակը սրվել է կալանքի միջնորդության քննարկման ժամանակ:

«Ունի շաքարային դիաբետ շատ բարձր աստիճանի՝ էն կատեգորիայի, կարգավիճակի, որ օրը չորս տարբեր ժամերի ինսուլին է ստանում տարբեր չափաքանակի, սնվում է բացառապես դիետայով», - մանրամասնեց Գոռ Գևորգյանը:

Չարտոնված գործունեությամբ՝ օղու արտադրությամբ ու վաճառքով Հովսեփյանը տասնամյակներ շարունակ է զբաղվել, սպիրտի այս վերջին խմբաքանակը ՝ շուրջ մեկ տոննա, գնել է արմավիրցի Արշակ Արշակյանից՝ նա նույնպես այս գործով անազատության մեջ է:

Փաստաբան Արթուր Պողոսյանն ասաց՝ Արշակյանն էլ մեղադրանքը չի ընդունում: «Միանշանակ՝ ոչ, ինքը համագործակցում է էս պահին քննության հետ, ցուցմունքով մանրամասն հայտնել է, որ սպիտը ումից է ձեռք բերել և ում է իրացրել», - «Ազատությանը» փոխանցեց Պողոսյանը:

Փաստաբանն ասում է՝ Արշակյանը սպիրտի վերավաճառքով մշտապես չի զբաղվել՝ միայն վերջին ամիսներին, այս անգամ էլ սպիրտ է առաջարկել Հովսեփյանին, վերջինս եկել, հավանել, գնել է: «Ինքը համտես է նույնիսկ արել, քանի որ փորձ է ունեցել երկար տարիների, համտես է արել, որպես մասնագետ հասկացել է, որ նորմալ սպիրտ է: Էստեղ և՛ Արշակի, և՛ Աշոտի գործողություններում դիտավորության մասին խոսք գնալ չի կարող», - պնդեց Պողոսյանը:

Արշակ Արշակյանի փաստաբանն այժմ ամենակարևորն է համարում այն, որ պարզվի թունավոր սպիրտի սկզբնաղբյուրը, պնդում է՝ իր պաշտպանյալը վստահ է եղել, որ գնել ու վերավաճառում է ցորենի սովորական սպիրտ:

«Պետք է պարզել, թե էդ սպիրտը ինչ ճանապարհով է ընդհանրապես հանրապետություն ներկրվել: Էստեղ, այսինքն, բոլորն էլ, կարելի է ասել, հանգամանքների զոհ են դարձել, ու նրանք երկուսն էլ շատ, երեկ առերեսում էլ է կատարվել Արշակի ու Աշոտի միջև, երկուսն էլ իրենց շատ վատ են զգում կատարվածի համար», - փոխանցեց Արթուր Պողոսյանը:

Իսկ Արշակ Արշակյանը իր կարծիքով ցորենի սպիրտը գնել էր արարատցի Ավետիք Վարդանյանից: Վերջինիս փաստաբան Վարդգես Գևորգյանն ամփոփում է վտանգավոր օղու շրջագայությունը. այն այստեղ էլ կանգ է առնում: «Ինքը սպիրտ վաճառել է մի անձնավորության, էդ անձնավորությունն էլ էդ սպիրտը վաճառել է օղի պատրաստողին: Ինքը ձեռք է բերել ինչ-որ գործով չպարզված անձից, բայց ինքը պնդում է, որ էդ սպիրտը փաստորեն եղել է մաքուր՝ ոչ տեխնիկական, ինքը էդպես է իմացել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գևորգյանը:

Ո՞վ է գործով չպարզված անձը՝ փաստաբաններն ասում են՝ իրենք էլ են ուզում իմանալ, քանի որ հնարավոր է, որ այդ չպարզված անձը միայն այս մեկ տոննան չի վաճառել, այս օրերին թունավոր օղուց մահվան դեպքեր գրանցվեցին նաև երևանցիների շրջանում:

«Էդ սպիրտի քանակությունը հնարավոր է նաև, որ էդ չափը չի եղել, շատ ավելի է եղել: Մենք էսօր, եթե էդպես է, ապա ունենք խնդիր հանրապետության շատ տարածքներում՝ դրա տարածման հետ կապված, դա պիտի, էդ վտանգը, չեզոքացվի», - ընդգծեց Գոռ Գևորգյանը:

Մեթանոլային սպիրտի թունացորմամբ տասից ավելի քաղաքացի շարունակում է բուժումը տարբեր բուժհաստատություններում:

XS
SM
MD
LG