Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամաններով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ Տիգրան Ենոքյանը, վարչության ավագ դատախազների պաշտոններում՝ Անի Սարգսյանը և Գևորգ Քոչարյանը, իսկ վարչության դատախազի պաշտոնում՝ Տիգրան Դավթյանը:
Գլխավոր դատախազի սեպտեմբերի 1-ի հրամանով, հիշեցնենք, Սրբուհի Գալյանը նշանակվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ:
Այս տարվա գարնանն ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ նույն օրենքի 4-33-րդ հոդվածները, որոնցով սահմանվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բոլոր հիմնական իրավական գործընթացներն ու գործառույթները, ուժի մեջ են մտնում Գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից։
Նկատի ունենալով, որ արդեն նշանակվել են պատասխանատու վարչության 5 դատախազներ՝ ստորաբաժանումը համարվում է ստեղծված, և վերոնշյալ օրենքն, ըստ էության, ամբողջությամբ մտնում է ուժի մեջ:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի և նորաստեղծ վարչության նորանշանակ դատախազների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Դավթյանը նշել է, որ ստեղծված ստորաբաժանումն իրականացնելու է Հայաստանի համար նախադեպը չունեցող բնույթի և ծավալների աշխատանք ենթադրող գործառույթներ, ինչը պահանջում է բազմապատիկ ավելի մեծ պատասխանատվություն, բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն, նվիրում ստանձնած առաքելությանը և կուռ, թիմային գործունեություն:
Գլխավոր դատախազի խոսքով՝ այդ գործառույթների իրացման առումով ստեղծված նոր ստորաբաժանումից, ինչպես նաև ընդհանուր առմամբ Դատախազությունից հանրային պահանջները չափազանց մեծ են, պարտավորեցնող, և բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն օրենքով սահմանված կարգով և բացառապես անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարությունը վերականգնելու և իրականացվող հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունն ապահովելու համար: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից, ինչպես նաև այն ներկայացնող բոլոր դատախազներից պահանջվում է բացարձակ անաչառություն, սկզբունքայնություն, բացառապես օրենքի տառով առաջնորդվելու հաստատակամություն:
Քննարկվել են գործընթացն առանց ձգձգումների և կանոնակարգված իրականացնելու համար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների հստակ չափորոշիչներ սահմանելու և այլ հարցեր: