Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով նշանակվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկել էր դրանով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնների համալրման գործընթացը, որի շրջանակում էլ կատարվել է նշանակումը:
Վերոնշյալ գործառույթներն իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթների արդյունքում գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հավակնորդներն ընդգրկվել էին դատախազների թեկնածուների համապատասխան ցուցակներում: Դատախազների թեկնածուները երկամսյա համապատասխան ուսումնառություն են անցել Արդարադատության ակադեմիայում:
«Այդ դասընթացներն արդեն ավարտվել են, և, ինչպես նախատեսվել էր, սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այսինքն առաջիկա օրերին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումներ կկատարվեն նաև ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների պաշտոններում», - ասված է հաղորդագրությունում: