Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 24,2 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 826 հազարին, ապաքինվածներինը՝ 15,8 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Ռուսաստանում գրանցել են COVID-19-ի դեմ պատվաստանյութը առանց սպասելու հետազոտության ավարտին: Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ դեղամիջոցի առաջին խմբաքանակները կթողարկվեն ռուսաստանյան շուկայի համար առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում:
Պատվաստանյութի արդյունավետությունը կլինիկորեն չի ապացուցվել և կասկածի տակ է առնվում բազմաթիվ մասնագետների կողմից, շատերն այս հապճեպ գրանցումը քաղաքական որոշում են համարում:
Այնուամենայնիվ, Ռուսաստանն արդեն պայմանավորվել է Ղազախստանի հետ պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ:
Ղազախստանում, ի դեպ, կարանտինը խախտողների մասին տեղեղեկություն հայտնողներին մինչև 70 դոլար գումար են խոստանում:
Անցած մի քանի շաբաթների ընթացքում Ռուսաստանում ամեն օր կորոնավիրուսի առնվազն 4,5 հազար նոր դեպք է գրանցվում:
Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել փակել երկրի սահմանները օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 28-ը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Ֆրանսիան պատրաստվում է վարակի երկրորդ ալիքին, որը կանխատեսվում է նոյեմբերին: