Այդ մասին Կիևում այսօր ասել է չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոն` կոչ անելով Լուկաշեկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայային անդամակցել այդ կոմիտեին։
Այս պահին էլ բելառուսցիները բողոքում են իշխանությունների դեմ: Այսօր ամբողջ օրը Տելեգրամ ալիքներով գալիս էր տեղեկություն այն մասին, որ Բելառուսի տարբեր գործարաններ ու հիմնարկներ գործադուլ են հայտարարել։ Ոստիկանությունը փորձում է խանգարել ցուցարարներին նոր հավաքներ կազմակերպել Մինսկի փողոցներում և հրապարակներում։
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան անվտանգության մեջ է և այժմ գտնվում է Լիտվայում: Այս մասին Twitter-ում հայտնել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը։ Այսօր Տիխանովսկայան երկու կարճ տեսանյութ է հրապարակել:
Առաջինում նա պատմում է, որ գնացել է երեխաների մոտ: «Շատերն ինձ կհասկանան, շատերն ինձ կդատապարտեն, շատերը կմեղադրեն», - ասել է նա՝ հայտարարելով, որ իր ընտրությունը կատարել է հօգուտ իր երեխաների, և որ դա շատ դժվար ընտրություն էր:
Ավելի ուշ հրապարակված երկրորդ տեսանյութում Տիխանովսկայան կոչ է անում բելառուսցիներին դուրս չգալ հրապարակներ և չընդդիմանալ ոստիկանությանը:
Տիխանովսկայայի շտաբի ներկայացուցիչները, մասնավորապես, Մարիա Կոլեսնիկովան համարում է, որ այս երկրորդ տեսագրությունը արվել է օգոստոսի 10-ին Մինսկում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում, և որ Սվետլանա Տիխոնովսկայային ստիպել են ասել այն, ինչ նա ասել է, այսինքն` ստիպել են փողոց դուրս չգալու մասին կոչ անել։
Երեկ, հիշեցնեմ, Սվետլանա Տիխոնովսկայան բողոք էր ներկայացրել Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողով օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքների դեմ։ Թեկնածուի շտաբի տեղեկատվության համաձայն, նրա վրա ճնշում է գործադրվել:
Ավելի ուշ քաղաքական գործչի մամուլի քարտուղար Աննա Կրասուլինան հայտնել էր, որ Տիխոնովսկայայի հեռախոսն աշխատում է, բայց նա չի պատասխանում զանգերին:
Բելառուսի նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, Տիխոնովսկայան հավաքել է 10 տոկոսից մի քիչ ավելի, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ 80 տոկոսից ավելի:
Երեկ Մինսկի իր շտաբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տիխոնովսկայան հայտարարել է, որ իրեն հաղթող է համարում։ Նա նաև ասել է, որ մտադիր չէ լքել երկիրը:
Երեկ երեկոյան և գիշերը Բելառուսում իրադարձությունները շարունակվել են դրամատիկ սցենարով, կա արդեն հաստատված զոհ ցուցարարների շրջանում, կան բազմաթիվ վիրավորներ և բազմաթիվ տեսագրություններ, որոնք վկայում են, որ իրավապահները բիրտ ուժ են կիրառել, սակայն այդպես էլ չեն կարողացել ամբողջովին վերահսկել իրավիճակը թե' Մինսկում, թե' մյուս քաղաքներում։
Ցուցարարներն արդեն պարզապես հարձակվում էին ՕՄՈՆ-ի վրա, ավտոմեքենաներով վրաերթ կազմակերպում ոստիկանների վրա, մոլոտովի կոտեյլներ էին օգտագործում։
Ոստիկանությունն այսօր հայտարարել է, որ վրաերթեր կատարած ավտոմեքենաները առգրավվելու են որպես հանցագործության գործիք։
Երեկ ցուցարարները բարիկադներ էին կառուցել Մինսկի կենտրոնական փողոցներում: Այսօր առավոտյան համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Մինսկի ոստիկանական բաժանմունքներից մեկում ձերբակալված քաղաքացիներն իրար վրա պարզապես պառկած շենքի բակում, տասնյակ քաղաքացիներ։ Տեսագրությունը նկարահանել են դիմացի շենքի բնակարաններից մեկի պատուհանից։
Ինտերնետը երկրում նախկինի պես աշխատում է խափանումներով, բջջային կապն ընդհանրապես բացակայում է, ստացիոնար կապի հետ կապված խնդիրներ են առաջանում։