«2021 թվական, հունիս․ աշխարհը համաճարակի ռեժիմում է արդեն մեկուկես տարի․ վարակը շարունակում է դանդաղ տարածվել․ պարբերական դարձած կարանտինը այլևս նոր նորմալն է։ Հաստատված պատվաստանյութը վեցամսյա իմունիտետ է ապահովում, սակայն միջազգային գործարքների պատճառով դեղամիջոցի համատարած կիրառումը հապաղում է: Ըստ վիճակագրական տվյալների` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 250 միլիոն է, մահացել է 1 միլիոն 750 հազար մարդ»: Սա գիտնականների կանխատեսումն է համաճարակի հնարավոր զարգացման վերաբերյալ, որը հրապարակել է բրիտանական Nature գիտական ամսագիրը։
Կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ սա տարատեսակ կանխատեսումներից ընդամենը մեկն է, դրանք բազմաթիվ են, երբեմն իրար հակասող, սակայն մեկ հարցում գիտական հանրությունը միակարծիք է` Covid-19-ը մեզ հետ դեռ երկար կմնա:
Համաճարակի կես տարվա պատմության դրական փաստը՝ մարդկանց վարքագծի փոփոխությունը
Համաճարակի ավելի քան կես տարվա պատմությունը վերլուծելով՝ մասնագետները մեկ դրական փաստ են առանձնացնում՝ աշխարհում փոխվել է մարդկանց վարքագիծը` մասնավորապես սոցիալական հեռավորության կիրառումը, դիմակներ կրելը, ձեռքերը հաճախ լվանալը թույլ է տվել նվազեցնել կորոնավիրուսի տարածումը: Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականների պատրաստած զեկույցը վկայում է, որ աշխարհի 53 երկրներում կարանտինային սահմանափակումների չեղարկումից հետո էլ հիվանդացության ցուցանիշը էական փոփոխությունների չի ենթարկվել։
«Թերագնահատվում է այն հանգամանքը, թե որքան է փոխվել մարդկանց վարքագիծը՝ դիմակ կրելը, ձեռքերը լվանալը, հեռավորություն պահպանելը, այժմ այնպես չէ, ինչպես նախկինում էր»,- փաստում է այդ զեկույցի համահեղինակ, բրիտանացի համաճարակաբան Սամիր Բհաթը։
Ավելի քան 100 օր է` Նոր Զելանդիայում կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվում
Մեծապես հենց այս սկզբունքների կիրառման շնորհիվ օրինակ` Նոր Զելանդիան հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակը։ Արդեն 100-րդ օրն է` հինգ միլիոն բնակչություն ունեցող կղզում կորոնավիրուսի որևէ նոր դեպք չի գրանցվել: Երկրում ընդհանուր առմամբ վարակվել է 1219 մարդ, մահացել են 22-ը։ Կորոնավիրուսի դեմ պայքարի նորզելանդական հաջողության բանալիներից մյուսն էլ համատարած թեստավորումն է․ երկրում օրական ստուգվում է մի քանի հազար մարդ։
Տեղի իշխանությունները, այդուհանդերձ, շեշտում են՝ վարակի առաջին դեպքերը հայտնաբերելու պահից գործել են կոշտ և արագ՝ դեռևս մարտի 19-ից փակելով երկրի սահմանները, հինգշաբաթյա կարանտինային ռեժիմն էլ ենթադրում էր փակ լողափեր ու ռեստորաններ, անգամ մեքենա քշելն էր արգելված:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված է 5 միլիոն մարդ, 96 հազար երեխա՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում
Ի տարբերություն Նոր Զելանդիայի` Միացյալ Նահանգներում կաղում է թեստավորման գործընթացը, ինչն իր հերթին հանգեցրել է վարակի սրընթաց տարածման, այսպիսի գնահատական է հնչեցրել Microsoft ընկերության հիմնադիր, մեծահարուստ, բարերար Բիլ Գեյթսը, ում գլխավորած հիմնադրամը փորձում է ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Գեյթսի խոսքով` կորոնավիրուսը զսպելու հարցում Միացյալ Նահանգները ետ է մնում աշխարհից, քանի որ չի կարողացել արդյունավետ կերպով իրականացնել ստուգումների ծրագիրը, համավարակի առաջին փուլում թույլ տրված սխալներն են հանգեցրել ստուգումների հետաձգմանը:
Նահանգները կորոնավիրուսի վարակակիրների և մահվան ցուցանիշներով աշխարհում առաջին երկիրն է՝ հինգ միլիոն վարակակիր և շուրջ 163 հազար զոհ: Ըստ ամերիկացի մասնագետների` համավարակը մտել է նոր փուլ և տարածվում է մեծ թափով: Երկրում դպրոցները բացելու աղմկահարույց որոշումից հետո` հուլիսի վերջին երկու շաբաթներից մինչ օրս Նահանգներում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 95 հազար երեխա:
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատեց 20 միլիոնի շեմը
Այսպիսով, ԱՄՆ-ին բաժին է ընկնում աշխարհի վարակակիրների ընդհանուր թվի մեկ քառորդը: Վերջին տվյալների համաձայն` կորոնավիրուսով վարակակիրների համաշխարհային վիճակագրությունը հատել է քսան միլիոնի շեմը, զոհերի թիվը՝ 732 հազարինը: Վարակակիրների ցուցանիշով հնգյակում ԱՄՆ-ին հաջորդում է Բրազիլիան՝ ավելի քան 3 միլիոն վարակակիրներով, երրորդ տեղում Հնդկաստանն է՝ շուրջ 2 միլիոն 200 հազար վարակակիր, չորրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, որտեղ հիվանդացության ցուցանիշը 892 հազար է, հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, այստեղ վարակակիրների թիվը հասել է 560 հազարի։
Վարակը մեծ ուժգնությամբ է տարածվում Պերուում. վերջին 24 ժամվա ընթացքում այստեղ հաստատվել է յոթ հազար դեպք` վարակակիրների ընդհանուր ցուցանիշը հասցնելով 478 հազարի: Ծանր է իրավիճակը նաև Կոլումբիայում, որտեղ վարակակիրների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է ավելի քան տասը հազարով, ընդհանուր թիվը հասել է 387 հազարի:
Վարակը հնարավոր է վերահսկողության տակ առնել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն այսօր հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը ծանր է աշխարհի համար` կոչ անելով ակտիվորեն հակազդել վարակի տարածմանը։ Նա ընդգծել է, որ այս պայքարում հույսի նշույլներ են առաջացել:
«Նույնիսկ այնպիսի երկրներում, որտեղ վարակը սրընթաց է տարածվում, հնարավոր է այն վերահսկության տակ առնել՝ կիրառելով համապետական և համընդհանուր պատասխան քայլեր», - շեշտել է Գեբրեյեսուսը: