ԵՄ-ն որոշ փոփոխություններ է մտցրել համաճարակային իրավիճակի տեսանկյունից անվտանգ երկրների ցանկում
Եվրամիության (ԵՄ) խորհուրդը վերանայել է այն երկրների ցանկը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ավելի վաղ փակված սահմանները: Թարմացված ցանկից հանվել է միայն Մորոկոն:
Եվրամիության գնահատմամբ` համաճարակային իրավիճակի տեսանկյունից անվտանգ այդ երկրների ցանկում տեղ են գտել Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թայլանդը, Թունիսը և Ուրուգվայը: ԵՄ գործադիր մարմինը միևնույն ժամանակ թույլատրում է Չինաստանի քաղաքացիների մուտքը, եթե Պեկինն իր հերթին եվրոպացիների համար բացի սահմանները:
Երեկ ուշ երեկոյան հրապարակված փաստաթղթում Բրյուսելը հատուկ ընդգծում է ցանկում չհայտնված, բայց Եվրամիության բնակիչներ հանդիսացող Անդորայի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Վատիկանի քաղաքացիների անարգել ելումուտը։ Այս պետությունները գտնվում են Եվրամիութան տարածքում, սակայն դաշինքի անդամ չեն հանդիսանում։
Եվրոպական երկրներում նոր վարակակիրների թիվն անշեղորեն աճում է
Եվրամիության տարածքում շաբաթներ տևած հարաբերական անդորրից հետո համաճարակային իրավիճակը կրկին սրվում է։ Ներքին սահմանները բացելուն զուգահեռ մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Բելգիայում վերստին սկսել է աճել նոր վարակակիրների թիվը։ Իտալիայում նոր դեպքերը ավելացել են 38 տոկոսով։ Եվրոպական երկրներից համաճարակից ամենաշատը տուժած այդ երկրում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 552 նոր դեպք, նման բարձր ցուցանիշ Իտալիայում գրանցվել էր մայիսի վերջին։
Նախօրեին երկրի կառավարությունը երկարաձգել է հակահամաճարակային սահմանափակումները մինչև սեպտեմբերի 7-ը։ Վարակի տարածումը կանխելու նպատակով պարտադիր ուժ կունենա դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը։
Իսպանիայի իշխանությունները մեկուսացրել են 33 հազար բնակչություն ունեցող Արանդո դե Դուերո քաղաքը, որտեղ վերջին օրերին վարակի բռնկման խոշոր օջախ էր հայտնաբերել։ Երկրի հյուսիսում գտնվող բնակավայրի ելումուտը խստիվ արգելվում է, տեղացիները պարտավոր են պահպանել կոշտ հակահամաճարակային կանոնները:
Ֆրանսիայում նոր վարակակիրների վերջին վիճակագրությունը՝ 1600, ամենաբարձրն է հուլիսի սկզբից ի վեր։ Առողջապահության նախարար Օլիվյե Վերանը ֆրանսիացիներին կոչ է արել չկորցնել զգոնությունը և շարունակել դիմակներ կրել հանրային վայրերում։ Ֆրանսիական իշխանությունները չեն բացառում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին համաճարակային իրավիճակը էլ ավելի սրվի։
Կորոնավիրուսի դեմ պայքարի կուբայական հաջողությունը կարճ տևեց
Հակահամաճարակային սահմանափակումները վերականգնվում են նաև հեռավոր Կուբայում, որտեղ Covid-19-ի դեմ պայքարի հաջողված պատմությունը ընդամենը մի քանի շաբաթվա կյանք ունեցավ։ Երկիրը բախվել է համաճարակի տարածման երկրորդ ալիքի։ Վերջին օրերին արձանագրվում են տասնյակ նոր դեպքեր ինչպես մայրաքաղաք Հավանայում, այնպես էլ այլ քաղաքներում։
Թուրքմենստանում կորոնավիրուսի անկախ թեստավորում կիրականացվի
Թուրքմենստանը, որը ոչ թե արմատախիլ էր արել կորոնավիրուսը, այլ ի սկզբանե կտրականապես հերքել է դրա որևէ դեպքի ներթափանցումը երկիր, պաշտոնապես թույլատրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անկախ թեստավորում իրականացնել երկրում:
Մինչ այդ, կառույցը բազմից նման խնդրանքով դիմել էր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի վարչակազմին՝ մտահոգություն հայտնելով երկրում աճող թոքաբորբի դեպքերով: Անցած ամիս Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունը այցելել էր աշխարհի ամենափակ երկրներից մեկը համարվող Թուրքմենստան և տեղում իշխանություններին կոչ արել հակահամաճարակային քայլեր ձեռնարկել, նույնիսկ եթե կորոնավիրուս երկրում չկա։ Կառույցը այդուհանդերձ չի հստակեցնում՝ այդ երկրի իշխանությունները թաքցնում են իրականությունը, թե իսկապես դեպքեր չեն արձանագրվել:
98 տոկոս պաշտպանություն երաշխավորող պատվաստանյութի ստեղծում «քիչ հավանական է»
Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու գիտնականների շանսերը, որոնք կապահովեն 98 տոկոսանոց երաշխիք, մեծ չեն, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին։
«Գիտնականները հույս ունեն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կապահովի 75 տոկոսանոց արդյունավետություն, սակայն 50 կամ 60 տոկոսն էլ ընդունելի է», - ասել է Ֆաուչին:
Ինչ վերաբերում է 98 տոկոսին, մասնագետի կարծիքով, հավանականությունը քիչ է։ Նրա խոսքերով՝ նույնիսկ պատվաստանյութի առկայության պայմաններում հակահամաճարակային կանոնների պահպանումը պետք է շարունակեն գործել:
Աշխարհում այս պահին մշակվում է կորոնավիրուսի դեմ 139 պատվաստանյութ, որոնք գտնվում են փորձարկումների տարբեր փուլերում, մասնավորապես՝ կլինիկական փորձարկումների փուլ հասած 25 դեղամիջոցներից վեցը հնարավորինս մոտ է կիրառման, երեքը գտնվում է փորձարկումների փուլում։
Մինչ այդ, կորոնավիրուսի վարակակիրների թիվը աշխարհում անշեղորեն աճում է՝ հատելով 19,5 միլիոնի շեմը, զոհերի թիվը հասել է 724 հազարի: