Covid-19. Յուրաքանչյուր 15 վայրկյանում մեկ մահ

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հատեց 700 հազարի շեմը, 24 ժամվա ընթացքում աշխարհում համաճարակի զոհ է դառնում շուրջ 5 հազար 900 մարդ, Covid-ը յուրաքանչյուր 15 վայրկյանի ընթացքում առնվազն մեկ մարդու կյանք է խլում։

Զոհերի ամենամեծ թիվը արձանագրվում է Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, ապա՝ Հնդկաստանում: Այս երկրները նաև առաջատար են հիվանդացության ցուցանիշներով, վարակակիրների ընդհանուր թիվը աշխարհում հասել է ավելի քան 18 միլիոն 700 հազարի:

Եռակի աճել է երիտասարդ վարակակիրների թիվը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ վերջին շրջանում կտրուկ՝ ընդհուպ եռակի աճել է երիտասարդ վարակակիրների թիվը: Կառույցի ուսումնասիրությունների համաձայն, լողափերը, գիշերային ակումբները վերաբացվելուց հետո 15-24 տարեկան վարակակիրների թիվը հինգ ամսվա ընթացքում 4,5 տոկոսից աճել է մինչև 15 տոկոսի:

Գրեթե նույն պատկերն է եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ասիական երկրներից Ճապոնիայում, որտեղ ինչպես հայտարարել են, վերջին շրջանում վարակվածների մեծ մասը երիտասարդներ են։

«Մենք այդ մասին խոսել ենք նաև նախկինում, հիմա էլ կրկնում ենք՝ երիտասարդները անհաղթ չեն», - հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ հավելելով՝ երիտասարդները ևս վարակվում են, երիտասարդները ևս մահանում են, և երիտասարդները ևս փոխանցում են վարակը այլ մարդկանց:

Եվրոպական երկրներում բախվել են վարակի նոր բռնկումների

Համաճարակային իրավիճակը կրկին սրվում է մասնավորապես եվրոպական երկրներում, որտեղ բախվել են վարակի նոր բռնկումների: Նոր դեպքերի թվի աճ է գրանցվել Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում։

Ֆրանսիայի կառավարությանն առընթեր գիտական խորհուրդը նախազգուշացրել է, որ աշնանը կամ ձմռանը երկրին «մեծ հավանականությամբ» սպառնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Վերջին շաբաթների ընթացքում երկրում նոր դեպքերի թիվը սկսեց աճել, անցած մի քանի օրվա ընթացքում գրանցվել է մոտ 3,5 հազար դեպք, ավելացել է նաև վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը: Մինչ այդ երկրում արդեն վարակվել է 190 հազար մարդ, որից 30 հազարը մահացել է: Վարակի տարածումը կանխելու նպատակով երկրի կառավարությունը շուրջ 16 երկրներից ժամանողներից կպահանջի կորոնավիրուսի թեստի արդյունք, բացի այդ Փարիզի քաղաքապետարանը քննարկում է դիմակները պարտադիր դարձնելու հնարավորությունը մի շարք հանրային վայրերում:

Չեխիայի մայրաքաղաքի իշխանությունները ևս մտադիր են վերադարձնել դիմակները Պրահայի հանրային փակ վայրեր։ Վերջին օրերին երկրում կտրուկ աճել է նոր վարակակիրների թիվը, տևական դադարից հետո Չեխիայում, մեկ օրվա կտրվածքով, արձանագրվում է ավելի քան 200 նոր դեպք։

Եվրոպական երկրներից Լեհաստանը ևս բախվել է վարակի տարածման նոր ալիքի՝ այսօր հաստատվել է հիվանդացության չորրորդ ամենաբարձր ցուցանիշը` 680 նոր դեպք։ Կառավարությունը հնարավոր է համարում առաջիկայում երկիր վերադարձողների պարտադիր թեստավորումը կամ ինքնամեկուսացումը:

Գերմանացի բժիշկների միավորման ղեկավար Սյուզան Յոնը ևս համոզված է, որ դաշնությունում արդեն մեկնարկել է համաճարակի երկրորդ ալիքը։ Augsburger Allgemeine թերթի հետ զրույցում մասնագետը շեշտել է, որ մեծ է վտանգը կորցնելու վերահսկողությունը և այն հաջողությունները, որոնք թույլ են տվել կառավարել համաճարակը և մասնակի վերադառնալ բնականոն կյանքին։

Թուրքիայում հարսանիքները, սգո արարողակարգերը կվերահսկվեն

Թուրքիայում՝ զբոսաշրջային ոլորտը բացելուն զուգահեռ կորոնավիրուսի տարածումը նոր թափ է հավաքել։ Վերջին երեք շաբաթների ընթացքում առաջին անգամ վարակակիրների օրական ցուցանիշը գերազանցել է հազարը։

Նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերով, երկիրը հատել է կրիտիկական շեմը՝ ստիպելով վերանայել գործող սահմանափակումները։ Կառավարությունը որոշել է ամենօրյա ռեժիմով ստուգել հակահամաճարակային կանոնների պահպանումը հարսանիքների, սգո արարողակարգերի և այլ խոշոր հավաքների ընթացքում։ Միևնույն ժամանակ իշխանությունները մտադիր չեն սահմանափակել տնտեսական գործունեությունը երկրում, որտեղ վարակակիրների թիվը շուրջ 235 հազար է, զոհերինը՝ 5 հազար 765:

Novavax-ի պատվաստանյութի հերթական փորձարկումը հաջող արդյունք է ապահովել

Կորոնավիրուսի դեմ ևս մեկ հնարավոր պատվաստանյութի փորձարկումները դրական արդյունք են ապահովել։ Novavax ընկերության կողմից արտադրված դեղամիջոցը փորձարկվել է 56 կամավորի վրա, որոնց մոտ Covid-19-ի մեծ քանակության հակամարմիններ են առաջացել՝ առանց որևէ բացասական հետևանքների: Novavax ընկերությունը, որը հովանավորում է միլիարդատեր Բիլ Գեյթսը, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները սկսել է դեռևս մայիսին։