Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շարունակում է մնալ կորոնավիրուսի ամենաշատ տարածվածությունն ունեցող երկիրը


Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է մնալ կորոնավիրուսի ամենաշատ տարածվածությունն ունեցող երկիրը: Երկուշաբթի ավելի քան 57 հազար նոր դեպք է հաստատվել, 661 մարդ մահացել է:

Հունվարի կեսերից սկսած, երբ ԱՄՆ-ում հայտնաբերվեցին առաջին վարակվածները մոտավորապես 8 ամիս անց՝ հուլիսի 28-ի դրությամբ վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 400 հազարը: Ավելի քան 2 միլիոնը բուժվել է, 150 հազարից ավելին՝ մահացել:

Կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը հաստատվել են չորս նահանգներում: Կալիֆորնիայում հաղորդվում է ավելի քան 457 հազար դեպքի մասին, Ֆլորիդայում արձանագրված դեպքերը մոտենում են 433 հազարին, Նյու Յորքում՝ ավելի քան 412 հազարի և Տեքսասում՝ 398 հազարի:

Հուլիսի 24-ի ամփոփված տվյալների համաձայն, Ֆլորիդայում Covid-19-ով վարակվածներից ավելի քան 31 հազարը 17 տարեկանից ցածր են, ընդամենը 8 օրվա ընթացքում հուլիսի 17-24-ը այս ցուցանիշը 34 տոկոսով աճել է:

ԱՄՆ-ում վիրուսի տարածման աճ է նկատվում նաև զինվորականների և նրանց հարազատների շրջանում: Պաշտպանության նախարարության հայտնած տվյալներով ավելի քան 25 հազար 500 զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով:

Միացյալն Նահանգներից հետո վիրուսը լայնորեն տարածված է Բրազիլիայում, վարակվածների թիվը մոտենում է 2,5 միլիոնին, Հնդկաստանում՝ 1,5 միլիոնի, Ռուսաստանում ավելի քան 800 հազար դեպք է արձանագրվել:

Մահացության ամենաբարձր ցուցանիշը Միացյալ Նահանգներում է, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում:

Չնայած Մեքսիկան Covid-19-ի հետևանքով աշխարհում չորրորդն է, այդ երկրում որոշ սահմանափակումներ հանվել են, մասնավորապես, վերաբացվել են երեխաների խնամքի տները: Այստեղ շարունակվում են նաև կրոնական արարողությունները:

Մեքսիկայում վարակվածների թիվն անցել է 395 հազարը, բայց ըստ կառավարության, իրական թիվը հնարավոր է շատ ավելի բարձր լինի, քան թեստերի արդյունքում հաստատված դեպքերը:

Եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվել:

Գերմանիայի վարակիչ հիվանդությունների Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տնօրենը գտնում է, որ նոր դեպքերի աճը զգոնությունը թուլացնելու հետևանք է: Անցած մեկ օրում գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի 633 նոր դեպք, մոտավորապես կրկնակի ավելի, քան նախորդ օրերին:

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը անցել են 16 միլիոն 600 հազարը, ավելի քան 650 հազար մարդ մահացել է, 10 միլիոնից ավելին համարվում է ապաքինված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG