Հայտնի են ՍԴ անդամի բոլոր երեք թեկնածուների անունները

Արթուր Վաղարշյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը ՍԴ դատավորի թեկնածուի կարգավիճակում մեկ անգամ արդեն եղել է խորհրադարանում ու մերժվել՝ 30 կողմ ու 53 դեմ ձայներով։

«Հավանական է հիմա էլ մերժեն, գիտնական տղա եմ, կոմպլեքս չունեմ», - ասաց թեկնածու Վաղարշյանը, ով իրեն առաջադրելու մասին իմացել էր այսօր հայրենի Լճաշենում. – «Ես էս ամեն ինչը գիտականորեն, փիլիսոփայորեն եմ ընդունում»:

Վաղարշյանն ասաց՝ առայժմ պարզ էլ չէ, թե երբ կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների հետ. – «Ինձ համար առայժմ պարզ չի: Կասեն իրանք երևի... կհրապարակեն, կիմանանք»:

Արթուր Վաղարշյանն իրեն համարում է ամբողջությամբ ապաքաղաքական մարդ, երբևէ կուսակցական չի եղել, չի համարում, որ գիտությունն ու քաղաքականությունը կարող են խաչվել, և իրեն տեսնում է Սահմանադրական դատարանում, դատավորի աթոռին. – «Իմ մասնագիտության, խառնվածքի, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից` այո»:

Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս երկու տարի առաջ Հանրապետության նախագահը աշխատանքային խումբ էր ձևավորել, հայտարարվել էր թեկնածուների հայտերի ընդունման մասին: 28 հայտատուներից նախագահին երեք թեկնածու էր ներկայացվել՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան ու Արթուր Վաղարշյան: Խորհրդարանը Վահե Գրիգորյանին դատավոր ընտրեց` մինչև այդ մերժելով Վաղարշյանին ու Հովհաննիսյանին։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, իմքայլական Սիսակ Գաբրիելյանն ասում է՝ խմբակցությունում առայժմ նախագահի առաջադրած թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չեն եղել. – «Թեկնածուներից միայն մեկի հետ ենք հանդիպել, պարոն Ավետիսյանի հետ, և էս մասով էլ դեռ ամեն մեկս մեր դիրքորոշումը ունենք: Պարոն Վաղարշյանի մասով կարող եմ ասել, որ թեկնածուին ծանոթ ենք, մեկ անգամ պարոն Վաղարշյանը եղել է Ազգային ժողովում էս նույն կարգավիճակով: Նախորդ անգամ թեկնածուն չստացավ բավարար ձայներ: Էս անգամ էլ, կարծում եմ, կհանդիպենք կրկին թեկնածուի հետ: Ամեն դեպքում, եղել ա նաև դեպքեր, որ, օրինակ, և' «Իմ քայլը» խմբակցությունից, և' ընդդիմադիր խմբակցություններից կոնկրետ քվեարկության ժամանակ գործուղման են եղել, կամ առողջական խնդիրների պատճառով չեն մասնակցել: Ամեն դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը էս պահին որևէ դիրքորոշում չունի»:

Բարձր դատարանում այս պահին դատավորի երեք թափուր տեղ կա և երեք թեկնածու: Նախագահի թեկնածուն Վաղարշյանն է, Կառավարությունը առաջադրել է Վահրամ Ավետիսյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։ Երեքին էլ պետք է ընտրի խորհրդարանը: