Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, դրական է եղել կատարված 1069 թեստերի 18,3 տոկոսը, այսպիսով՝ մինչ օրս Covid-19 է հայտնաբերվել շուրջ 39 հազար 300 մարդու մոտ։
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն «Ազատությանը» հայտնեց՝ երեկ կորոնավիրուսից մահացել է 47-ից 71 տարեկան 6 անձ. «Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ, այսօր չկան այլ պատճառներով մահեր»:
Ինչպես վերջին շաբաթներին, երեկ ևս կորոնավիրուսը հաղթահարել է վարակվածներից գրեթե կրկնակի ավելի շատ՝ 511 մարդ, առողջացածների թիվն այս պահին 30 հազար 373 է։ «Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 հազար 930 պացիենտ և ընդհանուր առմամբ կատարվել է 168 հազար 164 թեստավորում», - ասաց ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Կատարված հետազոտությունների և օրական հաստատված դեպքերի տոկոսային հարաբերակցությունը վերջին մեկ ամսում նվազել է, շաբաթներ առաջ այս ցուցանիշը հասնում ու երբեմն անցնում էր 30 տոկոսը, այնուհետև թիվը տատանվում էր 22-ից 26 տոկոսի սահմաններում, վերջին շաբաթվա ընթացքում Covid-19 է հաստատվում հետազոտվածների 20-ից ցածր տոկոսի մոտ։
Վարակի տարածման ծավալների նվազման արդյունքում պակասել է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը, փոխանցում են Առողջապահության նախարարությունից, ընդգծելով՝ դա կհանգեցնի մահերի թվի կրճատմանը։
«Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներն են հիմնականում մահանում, իսկ մնացածը մեծ հավանականությամբ բուժվում են, եթե ծանրացում տեղի չի ունենում: Համեմատելով նախորդ երկու-երեք շաբաթների թվերի հետ, ակնհայտ է, որ բացարձակ թվով և տոկոսով մենք ունենք բարելավում, ինչը իրապես լավ հնարավորություն է իրավիճակն այնքան լավացնելու, որ սա կարծես թե այլևս ճգնաժամային իրավիճակ չհամարվի: Շարունակելով մեր համաճարակաբանական բոլոր պարզ կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորությունը և ձեռքերի ախտահանումը, մենք ռեալ շանս ունենք տեմպը պահելու և ինչու, ոչ, արագացնելու: Մենք վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունենք, և հակառակը՝ մենք հիմա ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ՝ թե՛ սովորական թթվածնային հագեցվածությամբ, և թե՛ վերակենդանացման մահճակալներ», - ասաց նախարար Արսեն Թորոսյանը:
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսը ծանր է տանում 330 մարդ, ծայրահեղ ծանր վիճակում է 68 անձ։ 24 հիվանդ թոքերի արհեստական օդափոխման սարքի է միացված։ Մեկ ամիս առաջ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվն անցնում էր 600-ը։
Ի դեպ, հայկական մի ընկերություն Covid-19 բուժման ընթացքում կիրառվող թոքերի արհեստական օդափոխման սարք մշակելու և արտադրելու լիցենզավորում է ստացել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։