Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք 


Հայաստանում թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ կորոնավիրուսով վարակվածների տոկոսային հարաբերակցության թիվը շարունակում է նվազել։ Երեկ, օրինակ, գրանցվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, իրականացվել է 394 թեստավորում կամ հաստատված դեպքերը կազմել են թեստերի 13,1 տոկոսը։

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն այսօր «Ազատությանը» մանրամասներ փոխանցեց. «Օգոստոսի 3-ի առավոտյան՝ ժամը 11-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39 հազար 102 դեպք, որոնցից 29 հազար 861-ն՝ առողջացած, 762-ը՝ մահվան ելքով: Հարկ է նշել, որ այսօր բավականին քիչ դեպքեր են արձանագրվել՝ 52 նոր դեպք, և 111 առողջացած, բայց պետք է հաշվի առնել, որ սրանք հաջորդել են շաբաթ-կիրակիին, և դիմելիության ու ինչ-ինչ պատճառներով պայմանավորված հետազոտությունները քիչ են արվում: Նաև ուզում եմ ավելացնել, որ այս պահի դրությամբ բուժում են ստանում փաստացի 8 հազար 251 պացիենտ և կատարվել է ընդհանուր առմամբ 167 հազար 95 թեստավորում: Ցավոք, այսօր ունենք էլի մահվան դեպքեր, 8 պացիենտ մահացել է, բոլորն էլ ունեցել են խրոնիկական ուղեկցող հիվանդություններ»:

Արցախի առողջապահության նախարարությունից առավոտյան ստացված տեղեկության համաձայն, նախորդ օրվա ընթացքում այնտեղ՝ Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք։ Միաժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի է առողջացել։ Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 243 է, առողջացածները 179-ն են, բուժվում է 63 քաղաքացի, մեկ հոգի մահացել է: Երեկ իրականացվել է 151 թեստ, ընդհանուր առմամբ՝ 6095։

Եթե դիտարկենք Հայաստանի Հանրապետությունում թեստավորված անձանց քանի տոկոսի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել, ապա տեսնում ենք, որ հուլիսին՝ հունիսի համեմատ այդ թիվը նվազել է։ Մարտ ամսին թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցության միջին օրական թիվը կազմել է 18,2 տոկոս, ապրիլին՝ 9 տոկոս, մայիսին՝ 19,5 տոկոս, հունիսին՝ 30,2 տոկոս, հուլիսին այդ թիվը կազմել է 24,5 տոկոս։

Հայտնի են օգոստոսի առաջին երկու օրերի տվյալները, և այդ տվյալների համաձայն՝ օգոստոսին թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցության միջին օրական թիվը 16,5 տոկոս է։

Համաճարակաբան Արման Բադալյանի խոսքով, համավարակի թվերի նվազումն, իրոք, ակնհայտ է, սակայն այդ թվերը կարող են վերստին աճել, ինչպես որ նկատվում է աշխարհի մյուս երկրներում, և քանի դեռ չկա պատվաստանյութ կամ չկա, այսպես կոչված, հանրային իմունիտետ, խոսել համավարակի մարման մասին, վաղ է։

«Այս հիվանդությունը հենց դրանով է յուրահատուկ, որ այդ երկու գաղափարները, որ այս վերջերս էլ շատ եմ հիշատակում, այդ լուռ տարածումը` silent transmission և super spread-ը՝ այդ շատ արագ, super տարածումը, այս երկուսի ֆորմատով այս վարակը բավական տարածվում է: Այդ լուռ տարածման հետևանքով ինքը յուրաքանչյուր պահ կարա գլուխ բարձրացնի: Նույն Չինաստանը, տեսեք, տասնյակ դեպքեր մենք տեսնում ենք, մինչև հարյուրից ավելի այս վերջերս գրանցվել էր Չինաստանում: Այսինքն այդ պոտենցիալը միշտ կա, որ յուրաքանչյուր պահ ինքը կարա իրա համաճարակաբանական ինֆեկցիոն պրոցեսներից գլուխ բարձրացնի, այդ պոտենցիալը միշտ կա», - ասաց Բադալյանը:

Ուստի, շարունակեց Բադալյանը, չպետք է կորցնել զգոնությունը պատշաճ կերպով շարունակել իրականացնել հակահամաճարակային միջոցառումները. «Որպեսզի մենք ոչ թե համաճարակի հետևից գնանք, այլ ընկ նեն առաջ: Եթե մենք ընկնենք առաջ այդ ալիքների հավանականությունը ինչքան էլ ինքը պոտենցիալ լինի, մենք միշտ փորձելու ենք զսպել այնքան, մինչև գա պատվաստանյութ, որ մենք կարողանանք լիարժեք այս հիվանդությունը հսկել, եթե չեղավ պատվաստանյութ, ապա սենց ինքը կընթանա՝ փոքր, մեծ ալիքներ, մինչև կոլեկտիվ իմունիտետը ձևավորվի»:

XS
SM
MD
LG