Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Կորոնավիրուսային ճգնաժամի էջը փակելու հնարավորություն կա


«Համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է: Կորոնավիրուսային ճգնաժամի էջը փակելու հնարավորություն կա», - այսօր երկարատև դադարից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անցած օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել 308 մարդու մոտ: Դրական է եղել երեկ կատարված 1853 թեստերի 16,6 տոկոսը: Սա վերջին ամիսների լավագույն ցուցանիշն է:

Նախորդ շաբաթվա ընթացքում կորոնավիրուս էր հաստատվում հետազոտվածներից 20-25 տոկոսի մոտ: Ավելի վաղ այս ցուցանիշը հասնում էր 30 և ավելի տոկոսի:

«Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին: Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, որովհետև, ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով», - նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով, կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում. – «Այդ բարելավումը ուղղակիորեն կապված է Կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ: Եվ այդ հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը, մեր համոզմամբ, դիմակների պարտադիր կրումն է»:

Վարչապետն ընդգծեց, որ եթե քաղաքացիները թուլացնեն զգոնությունը, Հայաստանը կարող է վերադառնալ համաճարակային ամենավատ վիճակին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեպքերի պիկը եղել է հուլիսի 6-ին, այդ օրն են գրանցվել ամենամեծ թվով ակտիվ դեպքերը. – «Այդ օրվանից անց մենք ամեն օր ավելի քիչ թվով պացիենտներ ենք ունեցել, և վերջին օրերն արձանագրում են նույն տենդենցը: Շարունակելով մեր համաճարակաբանական բոլոր պարզ կաննոնները` դիմակների կրումը, սոցիալական հեռավորությունը և ձեռքերի ախտահանումը, մենք ռեալ շանս ունենք տեմպը պահելու և արագացնելու»:

Թորոսյանի խոսքով, այս պահին վարակակիրների հոսպիտալացման խնդիր չկա. – «Մենք աստիճանական գնալու ենք այդ մահճակալային ֆոնդի հետ ծավալման` միշտ պատրաստ լինելով մեկ-երկու օրվա մեջ դրանց նորից նույն ծավալով աշխատեցնելու` հաշվի առնելով, որ իրավիճակը կարող է նորից փոխվել»:

Պատեն Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պարետատունն այժմ քննարկում է որոշ ոլորտների գործունեությունը վերաբացելու հնարավորությունը. – «Առաջիկա օրերին կհրապարակենք մանրամասն ուղեցույցներ գրադարանների, թանգարանների, համերգների և թատրոնների վերաբացման վերաբերյալ: Ներկայումս վերջանականացվում են վերաբացման համար նախապայման հանդիսացող կանոնները և հստակեցվում ժամկետները»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում մինչև օրս հաստատվել է կորոնավիրուսի 37 հազար 937 դեպք: Ինչպես նախորդ շաբաթվա ընթացքում, երեկ ևս առողջացածների թիվը գերազանցում է վարակվածներին: Քովիդը հաղթահարածների թիվը նախորդ օրն ավելացել է 467-ով: Վարակն արդեն հաղթահարել է 27 հազար 824 մարդ: Այս պահին հիվանդությունից փաստացի բուժվում է 9 հազար 165 անձ:

XS
SM
MD
LG